Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումներն ու մոտեցումները:
«Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը և այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Դա մեծ հպարտություն ու պատիվ է ձեզ համար և պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը»,-ասել է Հ.Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի բոլոր դրական նախաձեռնություններին, որպեսզի ոստիկանական համակարգն ավելի զարգանա, հասարակական վստահությունն ավելի ամրապնդվի և հզորանա:
Ոստիկանության օրվա կապակցությամբ և օպերատիվ-ծառայողական գործունեության ու հասարակական կարգի ապահովման գործում ունեցած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանին, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանին և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին:
Կարդացեք նաև
ՀՀ Կառավարություն