Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված գտածոները՝ ցուցահանդեսում

Ապրիլ 16,2014 18:47

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված են Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են  Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 1-ին դար։ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից։ Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոնզե մասեր և այլն։

Տարածքը հայտնաբերվել 1939թ., առաջին պեղումներն ավարտվել են 1968թ.. դրանց ընթացքում պարզվել է նաև քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ։

Հնավայրում պեղումների երկրորդ շրջանը սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնությամբ:

«Մենք ունենք բավականին ճկուն նախագիծ՝ ամենատարբեր ճանապարհաշինական լուծումներով, ինչպես, օրինակ, որոշակի հատվածներում սյուներ կիրառելու տարբերակն է, որպեսզի հնավայրը չվնասվի։ Այստեղ ճանապարհի կառուցումը դեռևս խորհրդային տարիներին էր ծրագրված։ Ծրագիրը նախաձեռնելիս պարզ էր, որ որոշակի վիճահարույց կողմեր կան, քանի որ վայրը պատմահնագիտական հուշարձան է։ Հետևաբար` ձևավորվեց աշխատանքային խումբը՝ մասնագետների, հասարակական կազմակերպությունների՝ շահագրգիռ բոլոր կողմերի  ներկայացուցիչների ներգրավմամբ, և բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց, որ նախևառաջ անհրաժեշտ է պեղումներ կազմակերպել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։ Այդպիսով, ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը։ Նախագիծը փոխըմբռնման եղանակով է արվում, որպեսզի և՛ քաղաքը շահի, և՛ մեր պատմամշակութային արժեքները վերհանվեն ու ևս մեկ անգամ ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ ճանապարհի կառուցումը նաև մեխանիկորեն կսահմանափակի Կարմիր բլրին հարակից գերեզմանի ընդլայնումը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930