Տևական ժամանակ է` Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է պաշտոնազրկել փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին, որի տղան իր սանիկն է: Սամվել Բալասանյանը նրա հարսանիքի կնքահայրն է: Ըստ նույն լուրերի, պարոն Բալասանյանը Գուրգեն Մալխասյանի փոխարեն ուզում է իր մոտ վերցնել ընկերոջը`Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից վերջերս ազատված Վաղարշակ Մխիթարյանին: Ի դեպ, նրա որդին Գյումրու ավագանու անդամ է: Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազ նշանակվելուն պես, սկսեցին ազատվել աղվանական կադրերից, որոնցից մեկն էլ Վաղարշակ Մխիթարյանն էր:
Այսօր Գյումրիում փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի` պաշտոնից ազատվելու մասին լուրերը սկսեցին ավելի համառորեն տարածվել, ընդհուպ մինչև շարքային գյումրեցիները, մեկ մյուսին միկրոավտոբուսի մեջ ողջունելով, հարցնում էին. «էդ փոխքաղաքապետին էլ ազատեցին հա՞, յոլա չգնացին»: Aravot.am-ը այս լուրերի իսկությունը ստուգելու նպատակով զանգահարեց փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին: Վերջինս ասաց, որ ինքը արձակուրդում է:
«Ես հանգստանալու իրավունք չունե՞մ, հայտարարում եմ, որ դրանք հերյուրանքներ են, էնքան չուզող մարդիկ կան, որ տարածում են ստահոդ տեղեկություններ: Իմ` արձակուրդի գնալու դիմումը քաղաքապետարանում է, ես վստահեցնում եմ, որ արձակուրդից հետո` մայիսի 14-ին, նորից աշխատանքի եմ գալու: Իմ ու քաղաքապետի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Գիտեք այս լուրերը ամենաշատ ինձ ու Սամվել Բալասանյանին են զարմացնում, մնացածները փորձում են իրենց համար ինտրիգ ստեղծել ու խոսել: Մեր թե քաղաքական, և թե աշխատանքային կուրսերը համընկնում են, ինչպես որ սկսել ենք նորմալ աշխատել, այնպես էլ շարունակում ենք, ի՞նչ տարաձայնություն:
Մարդը ընդհանրապես , եթե մի տեղ աշխատում է , մի օր էլ պիտի ազատվի, բայց եթե նման բան չկա, հիմա ի՞նչ ասենք: Եթե այդպիսի բան լինի, ես կասեմ` այո, ազատվել եմ , բայց նորից եմ կրկնում` արձակուրդից հետո ես աշխատանքի եմ գալու»,- ասաց փոխքաղաքապետը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գուրգեն Մալխասյանը փոխքաղաքապետ լինելուց բացի, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է, այն ընտրատարածքի, որտեղ մշտապես ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթանակ էր տանում պարոն Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ