Ապրիլի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին:
Նախարար Նալբանդյանը և հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձան Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Անգելո Գնեյդինգերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Անգելո Գնեյդինգերը վերահաստատեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։
ՀՀ ԱԳՆ