«Սիրիայի արաբական հանրապետության հայերը, որպես այդ երկրի հանրության բաղկացուցիչ մաս, արդեն մի քանի տարի է կրում են այդ երկրում տիրող ճգնաժամի ծանրությունները: Մենք անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և գնահատում ինչպես սիրիահայության կեցվածքը, այնպես էլ սիրիական ժողովրդի վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ:
Մինչ նկատելի են դառնում Սիրիայում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը, ս.թ. մարտի 21-ին Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանը ենթարկվեց հարձակման: Շուրջ 700 ընտանիք տեղահանվեց հարևան Լաթաքիա: Ականատեսների և միջազգային, այդ թվում թուրքական լրատվամիջոցների վկայությամբ, Քեսաբը գրոհող զինյալ ուժերը սահմանը հատել են Թուրքիայից: Նրանց գործողություններին աջակցել են թուրքական օդուժը և հրետանին:
Նկատի ունենալով վերոհիշյալը, մենք` կատարյալ աջակցություն հայտնելով սիրիահայությանը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք Քեսաբից բռնատեղահանված հայ բնակչությանը անհապաղ իրենց տները վերադարձնելու, նրանց նյութական և բարոյական վնասները փոխհատուցելու անհրաժեշտության վրա: Վստահություն ենք հայտնում, որ այդ երկրի ապագան պետք է որոշեն իրենք` Սիրիայի արաբական հանրապետության քաղաքացիները, այդ թվում ` ազգությամբ հայ քաղաքացիները»-ասված է հայտարարության մեջ:
«Ժողովրդավարություն» խմբակցություն
«Հայրենիք» խմբակցություն
«Արցախատուն» պատգամավորական խումբ