Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ հղումը մեծ գլխացավանքից է ազատում». Հեղինակային իրավունքի փորձագետ

Ապրիլ 16,2014 18:03

«Անհրաժեշտություն կար ստեղծագործությունների պաշտպանությունը իրականացնել թվային միջավայրում»,- այսօր՝ ապրիլի 16-ին, այսպես ներկայացրեց «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի անհրաժեշտությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հեղինակային իրավունքի փորձագետ Սոնյա Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ նախագիծը հարկավոր է, քանի որ համացանցը դարձել է մեր կենցաղի անհրաժեշտ եւ պարտադիր մասը եւ համացանցում տեղադրված ստեղծագործությունները պետք է լինեն միայն իրավատերերի թույլտվությամբ. «Այսօրվա մեր գործող օրենքը, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի» մասին, հեղինակին թույլ է տալիս իր ստեղծագործությունը տեղադրել ինտերնետային կայքերում, բայց հեղինակը ի վիճակի չէ հսկել՝ ի՞նչ օգտագործում ստացավ իր ստեղծագործությունը»:

Տիկին Վարդանյանը նշեց, որ իրենց կազմած նախագիծը ունի մի շարք սահմանափակումներ, այդ սահմանափակումները հիմնականում վերաբերվում են կրթական հաստատություններին, գրադարաններին, արխիվներին՝ ոչ առեւտրային նպատակներով, որովհետեւ հենց այդ կառույցների շնորհիվ է ստեղծագործությունը մատչելի դառնում.

«Գրադարանը այսօր այնքան լայն իրավունքներ է ստացել, որ նա կարող է իր հավաքածուում ունեցած ստեղծագործությունները թվայնացնել, որը հեղինակային իրավունքի իրավատիրոջ թույլատվության առարկան է, բայց այսօր նա կարող է ազատ թվայնացնել եւ ազատ դարձնել իր հաճախորդների համար՝ ներքին ցանցի միջոցով, որը կբացառի նաեւ ստեղծագործությունների պատճենահանումը»:

Սահմանափակումներ են գործում նաեւ հաշմանդամների համար, ովքեր դժվարանում են գիրք կարդալ, այդ դեպքում առանց որեւէ հեղինակային իրավունքի տիրոջ համաձայնության, կարելի է փոխել ստեղծագործության ձեւաչափը:

Aravot.am-ի այն հարցին, թե մի շարք առցանց լրատվամիջոցների խմբագիրների համաձայնագիրը հիմք ծառայե՞լ է նոր նախագծի ստեղծման համար, Սոնա Վարդանյանը պատասխանեց.

«Իհարկե՛, օրենքում Ազգային ժողովի կողմից փոփոխություն է արվել, եւ այդ դրույթը մենք նույնությամբ կրկնել ենք նաեւ նախագծում, այնպես որ, թե ՛ թվային եւ թե՛ տպագիր լրագրական ստեղծագործություններում, եթե մեկը վերցնի օգտագործի անպայման հղման կարգով, որովհետեւ այդ մեկ հղումը մեծ գլխացավանքից է ազատում»:

Փորձագետը նշեց, որ առանց հղում կատարելու կամա, թե ակամա կատարվում է հանցագործություն՝ գրագողություն, եւ այդ դեպքում պետք է ապացուցել եւ վճարումներ կատարել այն հեղինակին, ում իրավունքները խախտվել են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930