Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Եզդիների ազգային տոնի`Տաուսի Մալակիի կապակցությամբ, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը փոխանցել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանին: Հայ-եզդիական դարավոր բարեկամությունը բազմաթիվ ծրագրերով կյանքի է կոչվում նաև Երևանում: Եզդի համայնքն իր ուրույն տեղն ունի մայրաքաղաքային սոցիալ-տնտեսական ու մշակութային առօրյայում, իսկ համայնքի խնդիրները այսուհետ էլ մշտապես գտնվելու են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո:
Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և խնդրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել եզդի համայնքի երախտագիտությունը`մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հասան Թամոյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով ամեն տարի շնորհավորում է եզդիների բոլոր ազգային տոները, պարբերաբար պարգևատրում և խրախուսում եզդի համայնքի ներկայացուցիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն