Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի հաշվարկի և չի վճարի իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները

Ապրիլ 16,2014 17:40

2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրեց թիվ ՍԴՈ-1142 որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով: Սույն որոշումը, առաջին հայացքից պարունակելով հակասական ձևակերպումներ, կայացման իսկ պահից ենթարկվել է տարաբնույթ մեկնաբանությունների ինչպես պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այնպես էլ անհատ իրավաբանների, փորձագետների և փաստաբանների կողմից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս հայտնել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարման վերաբերյալ իր մտահոգությունները: Այս դեպքում ևս պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի սույն որոշման մեկնաբանությունները կարծես թե ուղղված են արդարացնելու որոշման ոչ լիարժեք և պատշաճ կատարումը՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրությունն անձի հիմնական իրավունքները և ազատությունները համարում է բարձրագույն արժեք, իսկ պետությունն էլ կրում է այդ իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման պարտականությունը՝ միաժամանակ նաև սահմանափակված լինելով այդ իրավունքներով և ազատություններով:

Միաժամանակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես իրավաբանական անձ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է գործատու և կրում է իր աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային ծառայություն մատուցած անձանց համար կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Կազմակերպության մի շարք աշխատակիցներ էլ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված)՝ հանդիսանում են պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակիցներ: Կազմակերպության աշխատակազմի արտահերթ ժողովում քննարկելով խնդրի վերաբերյալ աշխատակիցների դիմումները՝ որոշվել է Կազմակերպության որևէ աշխատակցի կամ Կազմակերպությանը ծառայություն մատուցած որևէ անձի համար չհաշվարկել և չվճարել պարտադիր կուտակային վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը դիմել է նման պահանջով:

Այսպիսով, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը.

հաշվի առնելով կազմակերպության աշխատակիցների դիմումները, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, Կազմակերպության կանոնադրության դրույթներով,

առաջնորդվելով մարդու իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքով, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ոգով, դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն իր ամբողջության մեջ,

ելնելով իր անդամների և աշխատակիցների իրավունքների և օրինական պահանջների իրականացման անհրաժեշտությունից,

հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ, ներառյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետը, որն ուղղակիորեն պարտավորում է գործատուին, կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, հիմքում չունենալ, չմեկնաբանել և չկիրառել այդ դրույթը մարդկանց հայեցողությունից անկախ, նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում,

չի հաշվարկի և չի վճարի կազմակերպության վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող այլ անձանց համար կուտակային վճարները մինչ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխան նոր օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կներկայացնի հակառակ պահանջ:

Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ խնդրելով մինչև 19.04.2014թ. կատարել փոփոխություն էլեկտրոնային հաշվետվությունների թիվ 86.ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ` Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական ձևում` ապաակտիվացնելով պարտադիր կուտակային վճարի հաշվարկման դաշտի ավտոմատ լրացումը` տալով հայեցողական լրացման հնարավորություն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հիշյալ դիրքորոշման իրավական հիմնավորումները կարող եք տեսնել Կազմակերպության աշխատակազմի արտահերթ ժողովի արձանագրության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված դիմումի մեջ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930