Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը Հովիկ Աբրահամյանին կներկայացնի հոգեկան առողջության պահպանման ռազմավարությունը

Ապրիլ 16,2014 17:19

Հայաստանը, միանալով մարդու իրավունքներին առնչվող միջազգային կոնվենցիաներին, պարտավորվել է պաշտպանել այն բոլոր իրավունքները, որոնք արտացոլված են այդ փաստաթղթերում: Վաղը` կառավարության նիստում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի հոգեկան առողջության պահպանման եւ ազգային ռազմավարության փաստաթուղթը, որի ընդունումը բխում է ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները փաստելով, որ վերջին տարիներին ավելի օրակարգային է դարձել հաշմանդամություն ունեցող անձի, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները պաշտպանելու եւ պահպանելու անհրաժեշտությունը, ռազմավարության ընդունումը, պայմանավորում են հոգեկան առողջության պահպանման նորարար ծառայություններ ներդնելու անհրաժեշտությամբ:
ՄԱԿ-ի կոնվենցիան պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ներառյալ` չարաշահումից, բռնությունից եւ խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը, սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու, կրթության, փոխադրման եւ այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը, տեղեկատվության եւ հաղորդակցության հասանելիության իրավունքը, զբաղվածության եւ պատշաճ կենսամակարդակի իրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը: Ավելին, կոնվենցիային մասնակից պետությունները պարտավոր են ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը եւ իրենց հետ բնակվողներին, ստանալ տարատեսակ համայնքային օժանդակության ծառայություններ` համապատասխանեցված նրանց կարիքներին:

Միջազգային փորձը հաշվի առնելով, հայաստանյան մասնագետներն էլ եկել են այն եզրակացության, որ հոգեկան առողջության պահպանման ծառայությունները ավելի նպատակահարմար է մատուցել համայնքային մակարդակով, քան բժշկական կազմակերպություններում առաջարկել երկարաժամկետ կացություն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ստացիոնար պայմաններում տրամադրվող բժշկական օգնությունից ամբուլատոր աջակցության եւ համայնքային խնամքի անցման արդյունքում հոգեկան առողջություն ունեցող բազմաթիվ մարդիկ կարողացել են հոգեբուժարաններից տեղափոխվել համայնքային կացարաններ կամ սովորական հիվանդանոցներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930