Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատվողներից մեկը ` սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, այսօր սենսացիոն բացահայտումներ արեց:
Հիշեցնենք, որ թեև կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ Գյումրիում ամբաստանվում են 4 պաշտոնյաներ, սակայն մեղքն ամբողջությամբ իր վրա էր վերցրել Արթուր Աբրահամյանը:
Այսօր դատական նիստի ժամանակ վերջինս խոստովանեց, որ ինքը կապ չունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ, կեղծիքները թույլ է տվել գլխավոր հաշվապահ Անահիտ Նաչաջյանը: Իսկ ինքը ստիպված է եղել նախաքննական մարմնի հետ համաձայնության գալ ու ամբողջական մեղքը իր վրա վերցնել. նախաքննական մարմինը իրեն խոստացել է ազատության մեջ թողնել ` մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնելու պայմանով, ինքն էլ համաձայնել է:
Վերջինս նաև ասաց, որ ինքը կապ չունի իրեն մեղսագրվող 25 միլիոն դրամի յուրացման հետ, քանի որ ինքը այդ փողը փոխանցել է Վազգեն Խաչիկյանին, և արդեն իսկ որոշում է կայացվել բռնագանձել նրանից: Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանն էլ դատարանին միջնորդեց վերսկսել դատաքննությունը: Ու թեև դատախազ Հովհաննես Ենոքյանը դեմ էր դրան` ասելով, որ գլխավոր հաշվապահ Անահիտ Նաչաջյանի նկատմամբ անցած տարի մեղադրանք չի առաջադրվել` ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով, հետևաբար և կարիք չկա նոր դատաքննության, այդուհանդերձ դատավոր Էդուարդ Մանուկյանը ապշեցրեց իր որոշմամբ:
Կարդացեք նաև
Վերջինս բավարարեց փաստաբանի միջնորդությունը `գործը նորից վերսկսելու որոշում կայացնելով: Փաստաբանը չկարողացավ թաքցնել իր զարմանքը` նշելով, որ անակնկալի եկավ իր միջնորդության բավարարումից:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, որը փախուստի մեջ է, և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, որը Հ1-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է ու միակ կալանավորվածը:
Ռուբեն Մնացականյանն ամեն դատական նիստի ժամանակ ինքնաբուխ ելույթներ էր ունենում` ամեն անգամ պնդում էր, որ Արթուր Աբրահամյանը անմեղ է, նա չէր կարող ի պաշտոնե այդքան կեղծիք թույլ տալ ու յուրացումներ անել և որպես գլխավոր մեղավոր` մատնանշում էր սոցապի գլխավոր հաշվապահ Անահիտ Նաչաջյանին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ