Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուղեվարձի փոփոխությունը անխուսափելի է»

Ապրիլ 16,2014 16:54

Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխման հարցը կրկին օրակարգում է. ուղևորափոխադրողները պնդում են սակագնի բարձրացման անխուսափելիությունը, իսկ քաղաքացիները կասկածի տակ դնում դրա հիմնավորումը:

Ապրիլի 15-ին «Մեդիա կենտրոնի»  նախաձեռնությամբ «Ուղեվարձի փոփոխություն՝անհրաժե՞շտ, թե՞ անհիմն» թեմայով բանավեճ տեղի ունեցավ՝  Ա1+-ի առցանց եթերում:

Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նիստում  օրերս  ներկայացվեցին վերգետնյա տրանսպորտային միջոցների ծառայության նախնական սակագները. միկրոավտոբուսի ուղեվարձ՝ 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252, բնական գազով աշխատող ավտոբուսի ուղեվարձը՝ 196 դրամ, որոնք հիմնված են «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի  դեկտեմբերին իրականացրած ուսումնասիրության վրա:

«Միջազգային փորձագետների ներգրավումը հանձնաժողովի աշխատանքներին խնդիր ունի, որ «օտար մեկն էլ ասի՝ տեսե՛ք, բալը իսկապես թանկ է»,-ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովի աշխատանքներն արհեստականորեն ձգձգվում են:

Այս պնդմանը հակադարձեց ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ նշելով, որ հանձնաժողովը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում և դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Բախշյանը, սակայն հիշեցրեց, որ հուլիսին Տարոն Մարգարյանից ընդամենը մի քանի օր էր պահանջվել ուղեվարձի գինը 150 դրամ դարձնելու որոշման համար:
Հանձնաժողովի ներկայացրած հաշվարկներին առարկեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Երևանի քաղաքապետարանը թանկացման ժամանակ տվել էր մեքենայի ամսական ծախսի ու մուտքերի թվերը, ծախսերի մասով որևէ փոխադրող չի առարկել այդ ժամանակ, և  ես դրանք համադրել եմ իրական մուտքերի թվին  և ստացել եմ, որ ուղևորափոխադրման ինքնարժեքը 70 դրամ է»:

«Ոչ մի ալտերնատիվ հաշվարկ գոյություն չունի, ոչ ակտիվիստների, ոչ էլ պասիվիստների կողմից»,- հակադարձեց «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ նշելով, որ իրենք մշտապես համագործակցության առաջարկներ են արել քաղաքացիական սեկտորին, սակայն՝ ապարդյուն:

Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նշեց, որ Տարոն Մարգարյանն էլ կցանկանար, որպեսզի ուղևորափոխադրումը իրականացվի 50 դրամ սակագնով, սակայն դա հնարավոր չէ. «Մրցույթները հայտարարվում են, բայց ուղևորափոխադրման 15 երթուղիներ չեն սպասարկվում, տնտեսվարողներն, արդեն,  100 դրամով չեն կարողանում միջին շահույթ ստանալ»:
Եղիազարյանն ասաց նաև, որ փոխադրողները հասկանում են, որ ուղեվարձի իրական գինը իսկապես թանկ է հասարակության համար, սակայն դա փոխադրողների խնդիրը չէ, քանի որ նրանք ներկա սակագնով չեն կարող շարունակել աշխատել:

«200 դրամ սակագնի դեպքում (50-ը պետական սուբսիդավորմամբ) մենք կկարողանանք թարմացնել շարժակազմը և նորմալ ծառայություններ մատուցել»,-ասաց «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահը, պնդելով, որ  ուղեվարձը պարտադիր պետք է ենթարկվի փոփոխության և միայն դրանից երեք-չորս ամիս հետո կլինեն որակական փոփոխություններ:
Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի որակին՝ Անահիտ Բախշյանը նկատեց, որ ծառայությունների որակը նկատելիորեն իջել է՝ քաղաքապետարանը և փոխադրողները ցանկանում են մարդկանց ցույց տալ, թե որքան վատ կարող է լինել տրանսպորտի վիճակը, եթե ուղեվարձի գինը չբարձրացվի:

Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը դեռ կքննարկվի Ներքաղաքային ուղևորափոխադրումենրի սակագնի հետ կապված հարցերն ուսումնասիրող հանձնաժողովում:

Բանավեճի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Ապրիլի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի  ունեցավ «Ուղեվարձի փոփոխություն՝անհրաժե՞շտ, թե՞ անհիմն» թեմայով բանավեճ, որին մասնակցում էին Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը:

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930