Նախախորհրդարանն իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի` օրերս արտահայտած այն մտքի վերաբերյալ, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն:
Նախախորհրդարանը փաստում է, որ հայության և Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար ընդունելի և հարազատ են հայ ժողովրդի ու հայոց պետության գերագույն շահերը` պետական ինքնիշխանության, հայության անօտարելի իրավունքների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ու երաշխավորման գաղափարները:
Մեզ բարեկամ և ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի դեսպանի խոսքից կարելի է ենթադրել, որ նա և, ամենայն հավանականությամբ` նաև նրա ղեկավարությունն այս գաղափարները խորթ են համարում:
Այդ դեպքում ո՞ր գաղափարներն են նրանց համար ընդունելի և հարազատ: Միգուցե` Հայաստանի գաղութացումն ու կեղեքումը, ժողովրդի իշխանության բռնի յուրացումը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարումը սնուցող գաղափարները: Իսկ միգուցե նաև` հանցավոր վարչախմբի քրեական բարքերն արտացոլող գաղափարները: Թերևս:
Կարդացեք նաև
Պարոն դեսպանը և նրա ղեկավարությունը պետք է հստակ իմանան, որ Հայաստանը տեր ունի և այդ տերը հայ ժողովուրդն է ու Հայաստանի քաղաքացին: Եվ որ նրանք են որոշում, թե որ գաղափարներն են խորթ:
Քանի որ ներկայումս Հայաստանը գաղութացված է, ապա ազգային ազատագրական պայքարի և՛ գաղափարները և՛ գործողությունները պետք է ուղղված լինեն ինչպես արտաքին գաղութարարների, այնպես էլ նրանց ծառայող ապազգային ու հանցավոր ներքին վարչախմբի դեմ:
Միևնույն ժամանակ` Նախախորհրդարանը Ռուսաստանին պատրաստ է համարելու Հայաստանի բարեկամ: Սակայն ինչպես նրա, այնպես էլ այլ պետությունների հետ բարեկամությունը պետք է հիմնված լինի միմիայն ազատ ու ինքնիշխան ժողովուրդների իրավահավասարության և ազգային գերագույն շահերի փոխադարձ ճանաչման, այլ ոչ թե գաղութարար և խամաճիկ վարչախմբերի ենթակայության վրա:
Նախախորհրդարանն անհարիր ու մեր ազգային արժանապատվության համար անընդունելի է համարում որևէ դիվանագետի նման վարքագիծը և հաստատում է հայ ժողովրդի` ազատ, արդար ու ինքնիշխան պետականության հաստատման իրավունքն ու պարտականությունը:
Նախախորհրդարան
16.04.2014 թ.