Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ամբողջ իշխանությո՞ւնն է ուզում. (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 16:25

Երեկ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՅԴ-ի յոթ կետերից որոշներն ընդունվել են: Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր է դա ազդեցություն ունենա ՀՅԴ-ի կայացնելիք որոշման վրա, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Յոթ կետերը, որոնք ժամանակին հրապարակ եկան, դրանով պայմանավորված նաեւ ամբողջական իշխանափոխության գաղափարը, որի անհրաժեշտ պայմանն էր ռեժիմի փոփոխությունը, բայց նաեւ համակարգային փոփոխությունները եւ նույն այդ կետերը`դրանից բխած նաեւ նոր իրավիճակի հետ կապված, հրատապ իրավիճակի հետ կապված քայլերը, ներկայացրել ենք նաեւ նախագահին: Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում: Բայց այդ ամբողջապես ընդունելն էլ նշանակում է`պիտի ամբողջապես էլ կատարի նա`ով առաջարկում է: Հիմա չունենք այդ իրավիճակը: Վարչապետը մերը չի`ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա»: ՀՅԴ-ի համար հիմա հարցն այն է, թե իշխանության կողմից ինչ չափի եւ որակի կլինի յոթ կետերի ընկալումը:

Այդ առիթով մանրամասները` տեսանյութում

«Երկրորդական, երրորդական հարցերում համաձայնության գալը մեզ չի բավարարում: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք համակարգի այնպիսի փոփոխություն, որը կերաշխավորի ամբողջական, որակական փոփոխություն իշխանության մեջ: Մենք կոալիցիա չենք մտնի ձեւական ինչ-որ մասնակցություն ունենալու տրամաբանությամբ: Թե խնդիր կա լուծելու, մենք հասկանանք`ի՞նչ ենք լուծում»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Լրագրողներից մեկի հարցին`որքա՞ն է ՀՅԴ-ի`կոալիցիա մտնել-չմտնելու տոկոսային հարաբերակցությունը`պայմանավորված յոթ կետերի ընդունման տոկոսային հարաբերակցությամբ, բանախոսն ասաց, որ վերապահումներով է ընդունվում խորհրդարանական կառավարման կարգին անցնելու կետը, անհասկանալի է մնում ընդդիմությանը տրվող վերահսկողական լիազորությունների փաթեթով քաղաքական համակարգի ձեւափոխման տարբերակը, հարյուր տոկոս համամասնականի անցնելու հետ կապված հստակ երաշխիք չկա եւ անհամաձայնությունը`արտաքին քաղաքականության, մասնավորաբար, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու եւ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ:

Արմեն Ռուստամյանը նեղսրտեց, որ իրենց անընդհատ մեղադրել են` կոալիցիա մտնելու ձեւ գտնելու համար, բայց եթե նոր որակի երկիր ստեղծելու ՀՅԴ-ի ծրագիրը ընդունվի ու իրենք մերժեն` կհայտնվեն խոցելի վիճակում. Կամ հենց իրենք չեն վստահում սեփական ծրագրին, կամ համապատասխան ներուժ չունեն այն իրականացնելու: Բայց ՀՅԴ-ն հավատում է, որ այս ծրագիրը կիրառելով արդեն 2015-ի ընտրություններով կարելի է հասնել որակապես նոր ընտրությունների, թեպետ քառյակում էլ այս առիթով մոտեցումները տարբեր են:

«Սա չի կարող դիտվել, որպես յոթ կետերի իրականացում»,- ամփոփեց ՀՅԴ-ական պատգամավորը`հավելելով, որ իշխանությունը շարունակում է քողարկելով առաջ շարժվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930