Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանի աշխատանք են ուզում, բայց odnoklassniki եւ հարսանիքի խմբակային նկար են ուղարկում (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 15:04

Աշխատանք փնտրող տղամարդիկ կամակոր են, նրանց մեծ մասին, երբ աշխատանք են առաջարկում, անմիջապես սկսում են տրտնջալով հարցնել` իսկ բա՞րդ գործ է, փոշո՞տ է, հեռո՞ւ է, կեղտո՞տ գործ է եւ այլն: Այսօր նման կարծիք հայտնեց «Global Human Resources» ընկերության տնօրեն Նաթելլա Շահնազարյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ո՞ր դեպքերում են մարդիկ հրաժարվում առաջարկվող աշխատանքից, եւ արդյոք դա վարձատրության հետ կապ ունի:

Շարունակելով հարցի պատասխանը, տիկին Շահնազարյանը նկատեց, որ երբ կանանց են աշխատանք առաջարկում, ոչ ոք հարցուփորձ չի անում, թե դժվար կամ փոշոտ գործ է, միանգամից համաձայնում են աշխատել, քանի որ նրանք երեխա, ընտանիք, նույնիսկ ամուսին պահելու խնդիր ունեն:

Ն. Շահնազարյանի ներկայացմամբ` քանի որ նման հարցադրումներ տղամարդկանց կողմից շատ է եղել, ինքն անձամբ է այցելել այն արտադրամասը, որտեղ բանվորի պահանջարկ կար, որպեսզի ստուգի` բարդ աշխատանք է, թե՞ ոչ. «Երբ մտանք արտադրամաս, աշխատում էին կանայք, տղամարդ չկար: Անկեղծ եմ ասում` բանվորի աշխատանք ենք առաջակում օրը 5000 դրամ, ժամը 9-18.00-ն, չեն ուզում, հրաժարվում են տղամարդիկ»:

Տիկին Շահնազարյանը նաեւ նկատեց, որ աշխատանք փնտրողներից շատերը գրագետ ինքնակենսագրություն չեն կարողանում գրել, եւ հնարավոր է լավ մասնագետ լինի, բայց կարդալով գրված ինքնակենսագրությունը, չեն ուզում աշխատանքի հրավիրել:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչ սխալներ են թույլ տալիս դիմողները, Ն. Շահնազարյանն ասաց`« Լուրջ ֆինանսիստը մինիմալ աշխատավարձի սանդղակի մեջ նշել է 500 հազար դրամ, բայց այդ նույն մարդը գալիս է` չգիտես ինչ տեսքով, որ չես էլ ուզում հետը խոսել: Այդ լուրջ ֆինանսիստը ուղարկում է իր ինքնակենսագրությունը «hreshtak-jpit» էլեկտրոնային հասցեից: Իրավաբանն ուղարկում է ինքնակենսագրություն ու դրա հետ ազատ ոճի նկարներ, օրինակ` odnoklassniki.ru-ի լինքը, կամ` ինչ-որ հարսանիքից խմբակային նկար»:

Ըստ «Global Human Resources» ընկերության, ներկայումս ամենապահանջվածն են ՏՏ ոլորտի մասնագետները, ֆինանսական վերլուծաբանները, մարքեթոլոգները, իսկ ամենաշատը աշխատանք են փնտրում առաքիչները, թարգմանիչները, տնտեսագետները եւ տարբեր ոլորտի մենեջերները, իսկ ահա փնտրվող ու չգտնվող մասնագետներն են ֆինանսական վերլուծաբանները, բանվորները եւ բեռնատարների վարորդները, տեղերը կան, բայց դիմողներ չկան:

Բացի այս, աշխատանք փնտրողների մեջ, Ն. Շահնազարյանը նկատել է, որ շատերը չեն ուզում կամավորության հիմունքով աշխատել` խրախուսական աշխատավարձով. «Ասում ենք՝ աշխատանքային փորձ ձեռք կբերեք, մեզանից պահանջում են աշխատանքային փորձով, դիմողները հրաժարվում են, բոլորն ուզում են միանգամից հարստանան ու միանգամից մինիստր դառնան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930