Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեզվի ինստիտուտի տնօրեն. «Գրական լեզուն նահանջ է ապրում հեռուստաեթերում»

Ապրիլ 16,2014 14:58

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն այսօր նախաձեռնել էր «Հայոց լեզուն հեռուստաեթերում» խորագրով քննարկում՝ լեզվաբանների եւ հեռուստալրագրողների մասնակցությամբ: Այն նվիրված էր հեռուստաեթերի լեզվի հասարակական դերին, առանձնահատկություններին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը փաստեց, որ գրական հայերենը նահանջ է ապրում: Նրա խոսքով, այդ երեւույթը մեղմելու, լեզվավիճակի վրա ազդելու առումով կարեւոր դերակատարություն ունեն ինչպես գիտական հանրությունը՝ տվյալ դեպքում լեզվի ինստիտուտը, այդպես էլ հեռուստատեսությունը:

Պարոն Կատվալյանի խոսքով, գրական լեզվի ոլորտ են ներխուժել զանազան դրսեւորումներ՝ բարբառներ, խոսակցական հայերեն, ստիպված ինստիտուտը հեռուստաեթերի լեզվում հաճախ հանդիպող սխալները հավաքել է, պատրաստել գրքույկ, որը շուտով կհրատարակվի:

Նա ասաց, որ պատրաստվում են ամիսը մեկ անգամ սեմինար անցկացնել հեռուստալրագրողների համար. «Հաղորդավարները երբեմն մտածում են, որ իրենց խոսքը պետք է ասեն անկաշկանդ, անգամ ա-երով են խոսում, իսկ գովազդի, սերիալների լեզուն ավելի անմխիթար վիճակում է»:

Այսօր լեզվի ինստիտուտն ունի յոթ բաժին, որոնք ուսումնասիրում են ոչ միայն հայոց լեզվին վերաբերող, այլեւ ընդհանուր լեզվաբանական հարցեր:

«Ժողովուրդը մեծ համարում ունի հեռուստատեսության նկատմամբ, հեռուստատեսային խոսքը շատ արագ իր արձագանքն է գտնում ժողովրդի մեջ: Հասկանում ենք, որ հեռուստատեսային լեզու ասվածը բազմաշերտ իրողություն է. տարբեր է հաղորդավարի խոսքը, հյուրի կարգավիճակում գտնվողի խոսքը, լեզուն կարող է տարբեր դրսեւորումներ ունենա սերիալում, գովազդում, այլուր, բայց գրական լեզուն ամենուր պետք է լինի տիրապետողը, եւ հեռուստաընկերությունը պետք է վերահսկողություն ունենա սփռվող լեզվի վրա… Հեռուստաընկերությունները եւ գիտական հիմնարկները կարող են համագործակցել եւ նպաստ բերել գրական լեզվի պահպանման գործում»,-համոզված է Լեզվի ինստիտուտի տնօրենը: Նա հավելեց, որ ինստիտուտի աշխատակիցները պատրաստել են ուղեցույցներ հեռուստաընկերությունների համար: «Պետք է սկսել մի օր, պետք է կանգնեցնել գրական լեզվի նահանջը, գրական հայերենը շատ էլ կենսունակ է»,-ասաց Կատվալյանը:

Լեզվի ինստիտուտի Արդի հայերենի բաժնի վարիչ Նվեր Սարգսյանն ասաց, որ հեռուստաընկերություններին հրավիրել են ոչ թե քննադատելու, այլ որպես գործընկերոջ՝ համագործակցելու ակնկալիքով: «Դուք մեզ ձեր թշնամու կարգավիճակում մի դրեք, եթե միմյանց պետք է մի քիչ դիպչենք, դա պետք է լինի այն պահանջը, որ պետք է»,-ասաց Սարգսյանը: Նա հավելեց, որ ինստիտուտը պատրաստ է հուշագիր կնքել հեռուստաընկերությունների հետ՝ հանուն անաղարտ հայերենի: «Բավական է ասել «էձիկն» ու «ձիրեկտրը», «ձյաձյան» ու «ծյոծան»,-զայրացավ Արդի հայերենի բաժնի վարիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Փաստորեն, հայերենի հեղինակազրկված վիճակից առանձնացման արժանի էր հատկապես «ա» օժանդակ բայով խոսելը: Ես էլ չէի ցանկանա, որ հեռուստալրագրողը ոչ գրական հայերենով խոսի, բայց դա չէ էականը: Չգիտես ինչու, մեր լեզվաբաններն առանձնահատուկ մերժողականություն ունեն «ա» օժանդակ բայի նկատմամբ: Մինչդեռ հայերենի (ոչ պաշտոնական) տարբեր լեզվական դրսեւորումներ ունեն «ա», «է», «ը» եւ «ի» օժանդակ բայերը: Պարզապես չպետք է խառնել դրանց գործածությունը: Չի կարելի ասել «այսպես ա», պիտի ասել «այսպես է», քանզի «այսպես» բառը պահանջում է «է» օժանադակ բայ: Միեւնույն ժամանակ, եթե մարդը խոսում է երեւանյան խոսվածքով եւ «այսպեսի» փոխարեն ասում է «սենց», «ըսենց», ապա չի կարելի ասել «սենց է», «ըսենց է», քանզի «սենց», «ըսենց» բառերը պահանջում են «ա» օժանդակ բայի գործածություն` «սենց ա», «ըսենց ա»: Եղեգնաձորի բարբառին հատուկ է «ի» օժանդակ բայը` «ինչ ի», ու ոչ «ինչ ա», ոչ էլ «ինչ է»: Ապարանի բարբառին էլ հատուկ է «ը» օժանդակ բայը` «ինչ ը»: Այս վերջին երկուսը համարյա չեն գործածվում մեր եթերում, բայց եթե որեւէ գեղարվեստական ստեղծագործության մեջ դրա կարիքը լինի, ապա առանց վարանելու պետք է դիմել այդ ձեւերին: Շատ շինծու է այն խոսքը, երբ մարդը խոսելով նախավերջին վանկի շեշտադրությամբ, այնպես` ինչպես լոռեցիները, զանգեզուրցիները, ղարաբաղցիները, շամշադինցիները, բայց խոսի է օժանդակ բայով: Մեր բազմաթիվ ֆիլմեր, գրական երկեր, լրագրողական նյութեր լեզվական առումով տուժում են հենց լեզվի, նրբերանգների ոչ ճիշտ գործածությունից: Թերթում կտեսնես երեւանցու խոսքից ուղղակի մեջբերում «սենց» ու «նենց»-ով, բայց անպայման «է» օժանդակ բայով: Որ ի՞նչ: Անկեղծություն, դիպուկություն չի կարող լինել նման խոսքում: Այս ամենը չի վերաբերվում պաշտոնական խոսքին: Բայց այն, որ հայերի` թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում ժամանակային, ընկալումային խայտառակ սխալներ են հնչում շարունակ, այն, որ օտարաբանությունները հեղեղել են մեր լեզուն, դա մեր լեզվաբաններին ամենեւին էլ չի մտահոգում: Էլ չասած, որ մենք քանի դեռ միալեզու ազգ չենք, քանի դեռ չենք ամաչում իրար հետ այլ լեզվով շփվելուց` հայերենը երբեք տեղ չի ունենա: Ու մեր կյանքն էլ լավագույն դեպքում կլինի այն` ինչ ունենք:

    • bzjackal says:

      Ամբողջովին համամիտ եմ Տիգրանի հետ:
      Շատ ավելի տհաճ են «ժամանակային, ընկալումային» սխալները, ինչպես նաև այլ սխալներ, որոնք, երբեմն թվում է, անգրագիտության կամ քիչ կարդալու արդյունք են:
      Մտքերն արտահայտվում կամ նախադասությունները կազմվում են միայն ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ հասկանալի լինելու համար:
      Էլ չխոսենք բառերի սխալ արտասանման ու օգտագործման մասին՝ նույնիսկ օտար լեզուներից փոխառությունների կամ օտարաբանությունների դեպքում:
      Մի գովազդի մեջ արդեն մեկ տարի է, ինչ խրոխտ ձայնով հաղորդվում է «սեպՈրատոր համակարգի», մեկ ուրիշի մեջ՝ «կՈնցերագենի բացակայության» մասին, իսկ մի «թոք շոուի» ընթացքում (որտեղ, ի դեպ, ենթադրաբար գրականության մասին էր խոսքը) շոուի վերնագիրն անընդհատ էկրանին էր. «Պոեզիա, թե՞ պՈթոլոգիա»:
      Սենց բաներ….

  2. Ֆլորա says:

    Պետք է լայնամասշտաբ գրական լեզվի պրպագանդա տարվի: Այնպես, որ մարդիկ որ կողմ էլ շրջվեն գրագետ խոսելու մասին լսեն: Հե’ուստատեսության դերը շատ մեծ է այդ խնդրում: Ճիշտ կլինի, անգամ նախարարությունների մակարդակով ստորադասներին պարտավորվեցի գրագետ խոսելը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930