Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ շաբաթը կամփոփվի ճրագներով երթով

Ապրիլ 16,2014 14:05

Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի շաբաթն է, Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱՀԹ Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը ներկայացրեց Մեծ պահքի շրջանի Ավագ շաբաթվա խորհուրդը:

«Խորհուրդն այն էր, որ այդ կյանքը հավիտենական կյանքն էր, որ Քրիստոս իր հարությամբ ավերեց դժոխքը, մարդկությանը փրկություն տվեց եւ մարդկությանը հնարավորություն տվեց վերադառնալ այն երանական դրախտին, որտեղից հեռացվել էր նախամարդը՝ առաջին Ադամը: Քրիստոսը, որպես երկրորդ Ադամ, մարդկությանը վերադարձրեց Աստծո հավիտենական դրախտին»,- ասաց Տ. Պարթև քահանա Մուրադյանը:

Ավագ շաբաթ Առաքելական եկեղեցին մատուցում է Ճրագալույսի պատարագ: Այս տարի, ըստ Տ. Պարթև քահանա Մուրադյանի, Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել է ճրագներով երթ: «Բոլոր երիտասարդներին հրավիրում ենք, շաբաթ օրը ժամը ութին լինել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ: Այնտեղ եկեղեցուց պետք է մոմեր վառվեն, երիտասարդները երթով Քրիստոսի լույսով՝ ճրագներով, պետք է շարժվեն Հանրապետության հրապարակ, այնտեղ ճրագով պետք է խաչ կազմեն՝ ի նշան Քրիստոսի հարության եւ այնտեղ եկեղեցուց բերված մոմերով Քրիստոսի ճրագը՝ լույսը բաժանեն ժողովրդին»,- ասաց նա:

Խոսելով պահքի խորհրդի մասին՝ հոգեւորականը նշեց, որ շատերը առողջական կամ այլ պատճառներով չեն կարողանում այն պահել, այդ դեպքում կարող են ծոմ պահել՝ շաբաթ օրն առավոտվանից ոչինչ չուտել, երեկոյան գնալ եկեղեցի եւ հաղորդություն ստանալ:

Տ. Պարթև քահանա Մուրադյանը ուրախությամբ նշեց, որ տարեցտարի պահք պահողների թիվն ավելանում է. «Ոչ միայն պահք են պահում ուղղակի սննդապես, ուղղակի հարցնելով, թե ինչ կարելի է ուտել կամ չուտել, այլ առավել եւս շատ են հետաքրքրվում խորհրդի մասին. բացի ուտելիքից, ինչպե՞ս կարելի է պահք պահել, ի՞նչ վատ սովորույթներից պետք է հրաժարվել, ինչպե՞ս պետք է աղոթք անցկացնել»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930