Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք՝ ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետականության կայացման գործում, այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել թե՛ պետությանը, և թե՛ մեր ժողովրդին:
Որպես Երևանի քաղաքապետ նաև վստահորեն կարող եմ ասել, որ Երևանն այսօր աշխարհի այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ հասարակական կարգ ու կանոնը, հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանվում են բարձր մակարդակով: Թեկուզև այն, որ անգամ ուշ գիշերին մայրաքաղաքի փողոցներում զբոսնելն այսօր իսկապես անվտանգ է, արդեն իսկ լավագույնս փաստում է խոսքերիս ճշմարտացիությունը: Եվ դա, անշուշտ, ձեր քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքն է, որը, համոզվա՛ծ եղեք, գնահատվում է բոլորիս կողմից:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ