«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը և սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն այսօր ասուլիսի ժամանակ ասացին, որ թռչնաբույծների միության նախագահի հավաստիացմամբ՝ ձվերի քանակը Զատիկին բավարար կլինի եւ գներն էլ չեն իջնի:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր չի, որ Նոր Տարվա օրերի պես լինի ձվի դեֆիցիտ, Կարեն Չիլինգարյանը ասաց, որ ձվի այնպիսի դեֆիցիտ չի լինի , ինչպես լինում է Ամանորին՝ երբ խանութներում ընդհանրապես հնարավոր չի լինում ձու գտնել:
Սակայն պրն Չիլինգարյանը նշեց, որ Զատկի տոնին կանաչեղենի ու ձկան թանկացումներ կարող են սպասվել: «Զատկի շեմին արդեն ձուկը թանկացել է, իսկ ինչ վերաբերում է բանջարեղենին, քանի որ այն գյուղացիներն են աճեցնում, կարող է գնի մի փոքր բարձրացում լինի»:
Պրն Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ ժամանակին Հայաստանը եղել է ձու արտահանող երկիր, իսկ հիմա ձու ներկրող երկիր է դարձել: «Թռչնարդյունաբերությունը առանձնահատուկ ճյուղ է, չկա բիզնեսի մի տեսակ, որտեղ այդքան արագ ներդրումները վերադառնան ու դառնան եկամուտներ: Սա ամենանպաստավոր ճյուղն է, սակայն խնդիրը նրանում է, որ կերի գրեթե 70 տոկոսը ներկրվում է Եվրոպայից: Ավելացված արժեքի հարկը նրանք ներկրման ժամանակ են վճարում՝ առանց եկամուտ ստանալու, դրա համար էլ գները բարձր են լինում»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ