«Ղարաբաղյան կլանը ուներ վարչապետի ուրիշ թեկնածուներ նաև, ինձ համար սարսափելի է, որ ղարաբաղյան կլանը կանգնեց, հենց այս ընտրությունը արեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Հետո էլ հավելեց. «Մենք պետք է մտնենք մի տեղ, որտեղ Հայաստանի խարդավանքների տիրույթն է: Ղարաբաղյան կլանը ուներ վարչապետի ուրիշ թեկնածուներ էլ և շատ քաղաքական գործիչների հետ զրույցներ եղել են, թե ով կարող է լինել, ով՝ոչ: Ինձ համար զարմանալի է, որ միակ ուղերձը, որի վրա կանգ առան ՀՀԿ-ն ու Ղարաբաղյան կլանը, դա այն էր, ինչ-որ ներկայացվեց: Սյունիքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի նշանակումը, միասին ցույց են տալիս հայ ժողովրդին, թե որն է որոշումը ՀՀԿ-ի ու Ղարաբաղյան կլանի»: Այնուհետև պարոն Մանուչարյանը շեշտեց. «Այս կառավարությունը դեպորտացնում է ժողովրդին իր երկրից: ՀՀԿ-ն կրում է պատասխանատվությունը, որ հայերը դեպորտացվում են իրենց հայրենիքից»:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի արձագանքը Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակմանը, այնուհետև նրա արձագանքին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, մասնավորապես չարության մասին, պարոն Մանուչարյանը նշեց, որ բոլոր հարցերը բխում են կառավարության՝ ժողովրդին դեպորտացնելու հանգամանքից ու հասավ մինչև 1988 և ահազանգեց, թե «կողոպուտը շարունակվելու է». «1988-ին, երբ սկսեց Արցախյան շարժումը, դրան հետևեցին Սումգայիթի դեպքերը, Կենտրոնական կառավարությունը մեղադրում էր շարժման գործիչներին էքստրիմիզմի մեջ և տարբեր սանկցիաներ էին կիրառվում: Եվ տեղի ունեցավ այն, որ հանրահավաքներից մեկին ստացանք նամակ՝ երկրի կրիմինալի կողմից: Նրանք խոստանում էին, որ երկրում որևէ իրավազանցում չի լինելու՝ հաշվի առնելով երկրի ծանրագույն վիճակը: Հիմա նորից ծանր վիճակում ենք ու կրկին ստանում ենք նամակ, բայց այս անգամ ուղերձի բովանդակությունը հակառակն է՝ կողոպուտը շարունակվելու է»: Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ «վաճառքի են հանված Հայաստանի կարևորագույն պաշտոններ և Սահմանադրությունը դարձել է խարդավանքների գործիք, որը հարմարեցվում է այս կամ այն ակնթարթին»:
Դառնալով ընդդիմությանը՝ պարոն Մանուչարյանը նշեց. «Հայաստանում ընդդիմությունը պահանջում է միայն իշխանության հրաժարականը, այլ հարցեր բարձրացնելու համար ընդդիմությունը որպես այդպիսին գոյություն չունի»:
Պարոն Մանուչարյանը հետաքրքիր զարգացումներ համարեց ազատամարտիկների շարժումն ու «Դեմ եմ» նախաձեռնությունը՝ զուգահեռներ տանելով 1988-ի դեպքերի հետ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ