Առողջապահության նախարարությունը Aravot.am-ի հարցման ի պատասխան պարզաբանում է Վերահսկիչ պալատի` առողջապահության ոլորտում արձանագրած թերացումներին:
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թիվ 12/1 որոշման վերաբերյալ
Կարդացեք նաև
1. Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց մատուցված ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ. Համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 24.03.2014թ. N 9/1 որոշմամբ հաստատված «ՀՀ առողջապահության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետի, «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված և ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության 2012թ. պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց վերաբերյալ տեղեկատվական բազաների համադրման, բժշկական հաստատություններում և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գրասենյակներից (այսուհետ` ՍԾՏԳ) ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտման 72 դեպք` 25,039.8 հազ. դրամ գումարով»: Հաշվետվության մեջ թվարկվում են այն կենտրոնները, որտեղ հայտնաբերվել են նշված խախտումները: Նշվում է նաև, որ «36.00 և ավելի միավոր ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացման գործում հայտնաբերված խախտումները վկայում են ծրագրի շրջանակներում գործող տարբեր շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության բացակայության մասին, որի արդյունքում միայն ընտրանքով ընդգրկված 6 բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցները օգտագործվել են ոչ նպատակային: Ավելին, ծրագիրը պարունակում է ռիսկեր` կապված ՍԾՏԳ-ների կողմից տեղեկանքների տրամադրման գործառույթների իրականացման հետ»:
Առողջապահության նախարարության համար ընդունելի չեն արված ձևակերպումները, քանի որ դրանց համաձայն «բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային»: Մինչդեռ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված սույն խախտումները և դրանց հետևանքով անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերը պայմանավորված են ոչ թե առողջապահության նախարարության աշխատակազմի կամ համակարգի բուժհաստատությունների թերացմամբ, այլ անվճար բուժօգնության իրավունքը հավաստող փաստաթղթերը լրացնող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների թերի աշխատանքով: Բժշկական հաստատություններն անվճար բուժօգնության իրավունքը հաստատող փաստաթղթեր են ստանում ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների, այլև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և պետական այլ մարմինների կողմից և մինչև էլեկտրոնային առողջապահության ներդրումը, գործնականում, հնարավոր չէ վերահսկել ստացվող բոլոր փաստաթղթերի իսկությունը: ՀՀ վարչապետի մոտ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչների հետ կայացած քննարկման արդյունքում որոշվել է մինչև էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգի ներդրումը ՀՀ առողջապահության նախարարությանը հնարավորություն ընձեռել էլեկտրոնային եղանակով ծանոթանալ «Ընտանեկան նպաստ» ծրագրի շահառուների ցանկին, սակայն դա խնդրին մասնակի լուծում կտա:
2. Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ.
1) Հաշվետվությունում արձանագրված է, որ տուբերկուլոզի ախտորոշման համար սահմանված է եղել 71.500 դրամ գին 10 օրվա համար, սակայն փոխհատուցումը կատարվել է օրական 8.900 դրամ գնով, որի արդյունքում 2012 թվականին ավելի է վճարվել 24.762,2 հազ. դրամ, իսկ 2013` 24.959,6 հազ. դրամ։
ՀՀ առողջապահության նախարարի 01.02.2012 թվականի N 162-Ա և 06.02.2013 թվականի N 215-Ա հրամաններով (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվները և միջինացված գները» բաժնի 1.5 կետով «Հետազոտում հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի ախտորոշման նպատակով» ծառայության գինը սահմանվել է 71.500 դրամ 10 օր բուժման տևողության համար և, ըստ գործող կարգի, ֆինանսավորումը պետք է կատարվեր բուժված յուրաքանչյուր դեպքի համար ամբողջ գնով` 71.500 դրամ: Հաշվի առնելով տուբերկուլոզային ծառայությունում բյուջեի լարված վիճակը և այն հանգամանքը, որ հիվանդների ախտորոշման ընթացքում կատարվում են նաև առանձին բուժական միջոցառումներ և ֆինանսավորման ծավալների կրճատման նպատակով փոխհատուցումը կատարվել է ոչ թե ախտորոշման լրիվ գնով (71.500 դրամ), այլ տուբերկուլոզի բուժման օրական գնով (8.900 դրամ), որի արդյունքում 2012 թվականի փաստացի ծախսերը կրճատվել են 13.433,1 հազ. դրամ, իսկ 2013թ. 20.405,0 հազ. դրամ: Տուբերկուլոզային ծառայության փոխհատուցման այս տեսակում, ինչպես ներկայացված է վերահսկիչ պալատի հաշվետվությունում, 49.716,8 հազ. դրամի ավելի վճարում տեղի չի ունեցել, այլ հակառակը` առաջացել է 33.838,1 հազ. դրամի տնտեսում:
2) Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սապասարկման համար տուբերկուլոզով հիվանդի բուժման արժեքը սահմանվել է առանց գնագոյացման հաշվարկի և կողմնորոշիչ չափաքանակների որոշման, որի արդյունքում հնարավոր չէ գնահատել հատկացվող գումարի ըստ ուղղությունների ծախսման արդյունավետությունը.
Առողջապահության համակարգում տարիներ շարունակ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հիվանդանոցային բուժօգնության, այդ թվում` տուբերկուլոզային բուժօգնության գները, հաշվարկվել են նույն սկզբունքով` բյուջեում հաշվարկված հիվանդանոցային մեկ օրվա միջին գնի, բուժման բարդության գործակիցների և բուժման տևողության արտադրյալով: Բուժման գնի ծախսերի տնտեսագիտական հաշվարկ ըստ ծառայությունների չի պահանջվել և չի կատարվել: Ծախսերի տնտեսագիտական հաշվարկներ կատարվել են միայն հիվանդանոցային մեկ օրվա միջին գնի համար, որը և ներառված է գների հաշվարկներում: Հաշվետվությունում նշված այն փաստը, որ «հիվանդի բուժման արժեքը սահմանվել է առանց գնագոյացման հաշվարկի և կողմնորոշիչ չափաքանակներով» չի համապատասխանում իրականությանը, քանի որ գործել են գնագոյացման վերը նշված սկզբունքները:
3) Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից մարդ/օրերի թվից ելնելով ֆինանսավորման մեթոդի կիրառումը հնարավորություն է ընձեռում հաշվետվություններում հիվանդների թվի և նրանց բուժման ու հետազոտման ժամկետների վերաբերյալ ոչ հավաստի տվյալների ներկայացման և այդ գործընթացներն արհեստականորեն երկարաձգելու համար.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման՝ տուբերկուլոզային բուժման փոխհատուցումը կատարվում է բուժման փաստացի օրերի դիմաց` ՀՀ առողջապահության նախարարի կողմից տվյալ բաժանմունքի, ծառայության և հիվանդության բուժման համար հաստատված մեկ օրվա գնով, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծառայության համար սահմանված բուժման ընդհանուր գինը: Նման ֆինանսավորման մեխանիզմը հնարավորություն է տվել միայն 2012-2013 թվականներին տնտեսել 582.672,1 հազար դրամ: Մասնավորապես, 2012 թվականին ներկայացված 6,162 դեպքի դիմաց լրիվ գնով փոխհատուցման դեպքում գումարը կկազմեր 1.549.078,9 հազար դրամ, իսկ վերը նշված ֆինանսավորման մեխանիզմով այն փաստացի կազմել է 1.268.155,8 հազար դրամ կամ տնտեսվել է 280.923,1 հազար դրամ: Նույն մոտեցմամբ 2013 թվականին ներկայացված 6,508 դեպքի դիմաց 1.249.915,0 հազար դրամի փոխարեն փոխհատուցվել 1.551.664,0 հազար դրամ կամ տնտեսվել է 301.749,0 հազար դրամ:
Չնայած վերը նշվածին, տուբերկուլոզի բնագավառում ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով դեռևս 2012 թվականին քննարկվել է ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման հարցը և խնդրի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N1515 որոշմամբ հաստատված ֆինանսավորման նոր կարգով հստակեցվել են տուբերկուլոզի ֆինանսավորման սկզբունքները և նախատեսվում է այն կատարել. դեղերի և սննդի մասով` փաստացի կատարված հիվանդ օրերի դիմաց հաստատված գներով, իսկ մնացած ծախսերի ֆինանսավորումը կատարել հաստատագրված գումարի եղանակով` տարեկան պայմանագրային գումարի ամսական համամասնությամբ: Ֆինանսավորման նշված մեխանիզմը ենթադրում է, որ ծախսերի հիմնական մասը կապված չի լինի բուժօգնության փաստացի ծավալներից և այն պայմաններ չի ստեղծի արհեստականորեն երկարաձգել հիվանդների բուժման տևողությունը:
4) Դիսպանսերում գնումների գործընթացը.
Դիսպանսերում գնումների վերաբերյալ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են 2012թ. գնումների գործընթացին: 2013 թվականին հիմնականում բարելավվել է գնումների գործընթացը, չեն կրկնվել 2012 թվականի խախտումները, որի մասին հարցի քննարկման ժամանակ վկայել են նաև վերստուգիչները:
5) Հիվանդներին տրամադրվող սննդի չափաքանակների, էներգետիկ արժեքի և սննդակարգին վերաբերող խախտումները.
Նշված հարցի քննարկման ժամանակ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի տնօրեն Մ.Սաֆարյանը, ով միաժամանակ հանրապետության գլխավոր ֆթիզիատրն է (տուբերկուլոզի մասնագետ), հայտնել է, որ մեկ հիվանդի օրական միջին էներգետիկ ցուցանիշը կազմել է մինչև 3000 կկալ, որը բավարար է եղել հիվանդների սնուցման համար: Նման պարագայում ընդունելի չէ հաշվետվության մեջ նշված այն տեսակետը, որ տեղի է ունեցել հիվանդների թերսնուցում և հասկանալի չեն սնուցման էներգետիկ արժեքների հաշվարկման սկզբունքները:
Հակատուբերկուլոզային դիսպանսերի գործունեությունը, մինչև վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրություն կատարելը, ստուգվել է ՀՀ առողջապահության նախարարության աուդիտորական ծառայության կողմից, բացահայտվել են մի շարք թերություններ կապված ֆինանսավորման մեխանիզմների, հաշվետվությունների արժանահավատության, գնումների գործընթացի, հիվանդների սննդի կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն, և որոշումն արդեն իսկ ընդունված է, որը ենթադրում է ինչպես կառուցվածքային, այնպես էլ կադրային փոփոխություններ:
Նախարարության կողմից իրականացված վերահսկողության արդյունքներին այլ ընթացք չի տրվել, քանի որ 12.09.2013թ. ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից առգրավվել են կենտրոնի 2009-2012թթ. հաշվապահական հաշվառման և գնման գործընթացներին վերաբերող փաստաթղթերը: Քննչական վարչության կողմից գործին ընթացք տալուց հետ, նախարարությունն իր իրավասության շրջանակներում աուդիտորական ստուգման ընթացքում բացահայտված խախտումների մասով որոշումներ կընդունի:
3. ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ.
Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2013թ. հոկտեմբերի 18-ի թիվ 22/1 որոշման համաձայն իրականացված վերահսկողության արդյունքների արձանագրության այն դիտարկմանը, որ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2012 թվականին ձեռք բերված 294,550.0 հազար դրամի սարքավորումները 21.11.2013թ. դրությամբ չեն օգտագործվում, որն արդյունք է «սխալ և ոչ ճիշտ պլանավորման», հարկ է նշել հետևյալը.
Հիշատակված սարքավորումները ձեռք են բերվել 2012 թվականին փակման շրջանում գտնվող դրամաշնորհային երկու ծրագրով` 5-րդ շրջանի «ՀՀ–ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացման» և «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության» առաջին փուլով Հայաստանի Հանրապետությանը հատկացված, սակայն նախորդ տարիներին (2007-2010թթ.) տարբեր պատճառներով չծախսված կամ էլ խնայված դրամաշնորհային միջոցները չկորցնելու նպատակով:
Ըստ Գլոբալ հիմնադրամի ընթացակարգերի` դրամաշնորհային ծրագրի տվյալ փուլի ավարտին կնքված պայմանագրերի բացակայության դեպքում համապատասխան ֆինանսական միջոցները Գլոբալ հիմնադրամի կողմից չեն տեղափոխվում ծրագրի հաջորդ փուլ, այլ կրճատվում են կամ էլ դրամաշնորհառուի կողմից հետ են փոխանցվում Գլոբալ հիմնադրամ:
Տեղեկացնենք, որ նման սարքավորումների տեղադրման և անվտանգ շահագործման համար պահանջվում են շենքային հատուկ պայմաններ։ Սակայն նշված դրամաշնորհային ծրագրերով պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով շինարարական աշխատանքներ նախատեսված չեն եղել։ Այդ իսկ պատճառով այդ աշխատանքները նախատեսվել են «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության» դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլում։ Իսկ դատապարտյալների հիվանդանոցի ռենտգեն կաբինետի վերանորոգումն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սեփական միջոցների հաշվին: Այժմ ռենտգեն սարքավորումների գործարկման աշխատանքներն ավարտական փուլում են: Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներին տեղյակ է պահվել, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին տրամադրված լաբորատոր-ախտորոշիչ սարքերն արդեն իսկ շահագործվում են:
4. Առողջապահության ոլորտի բաժնում ներառված` ԱԾԻԳ ՊՀ կողմից ձեռքբերված ապրանքները չբաշխելու և, հետևաբար, չշահագործելու փաստի վերաբերյալ.
Հիշյալ ապրանքները ձեռք են բերվել «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ համար: Բժշկական կենտրոնի շենքը վերանորոգելուց հետո այդ սարքավորումներն անմիջապես տեղադրվել են բժշկական կենտրոնում: Պետք է նշել նաև, որ «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ շենքի վերանորոգման ծրագիրը նախատեսված էր մեկնարկել 2011 թվականին, սակայն հետագայում այն հետաձգվեց, ինչի արդյունքում շինարարական աշխատանքներն իրականացվեցին 2013 թվականին:
5. Հեմոդիալիզի անցկացման ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ.
1) Նախարարության կողմից ծախսերը ծրագրավորվել են նախորդ տարվա մակարդակից ցածր: Հաշվարկները ցույց են տվել, որ անգամ նախարարության և նշված կենտրոնի միջև կնքված պայմանագրերով նախատեսված առավելագույն սահմանի չափով ֆինանսավորման արդյունքում կենտրոնների փաստացի ծախսերը չեն հատուցվի.
Հաշվետվությունում նշված ձևակերպման վերաբերյալ պետք է նշել, որ ծրագրի շրջանակներում 2012 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1,528.7 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվել է 1,527.0 մլն դրամի ֆինանսավորում: 2013 թվականի պետական բյուջեով նշված ծրագրի համար նախատեսվել է 508 քվոտա՝ ընդհանուր 1,406.8 մլն դրամ կամ 2012 թվականի ֆինանսավորման համեմատ 120,2 մլն դրամ պակաս: 2013 թվականի հունվարին (պայմանագրերի կնքման ժամանակ) ծրագրի շրջանակներում արդեն իսկ բժշկական օգնություն էր ստանում 587 հիվանդ, որոնց բուժման լիարժեք ապահովման համար անհրաժեշտ էր 1,625.6 մլն դրամ (587 հիվանդ*տարեկան 153 սեանս*մեկ սեանսի արժեքը` 18,100 դրամ): Այսինքն՝ տարեսկզբին ծրագրում արդեն իսկ առկա էր 218,8 մլն դրամի դեֆիցիտ: Քանի որ պայմանագրային գումարները պետք է կնքվեն ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով տվյալ ծրագրի համար նախատեսված միջոցների շրջանակներում, այդ իսկ պատճառով նշված ծառայություններն իրականացնող կազմակերպությունների 2013 թվականի պայմանագրային գումարները սահմանվել են ավելի պակաս, քան 2012 թվականի ֆինանսավորումն է` պայմանով, որ տարվա ընթացքում կկատարվեն համապատասխան վերաբաշխումներ: Հեմոդիալիզի անցկացման շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների փոխհատուցման նպատակով տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի միջոցներն ավելացվել են 249,0 մլն դրամով, ճշտված բյուջեն կազմել 1,655.8 մլն դրամ, որը բավարարել է հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար. մասնավորապես` «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ-ում` 161,0 մլն դրամ, Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ում` 110,7 մլն դրամ: Նշված կազմակերպություններում 2012 թվականի համեմատ աճը պայմանավորված է 2013 թվականին փաստացի հիվանդների թվաքանակի ավելացմամբ: Հեմոդիալիզի ծառայության վերաբերյալ հաշվետվությունում նկարագրված իրավիճակը բացասաբար չի ազդել հեմոդիալիզի ծառայության լիարժեք կազմակերպման, ֆինանսավորման և հիվանդների անխափան սպասարկման գործընթացին: Հարցը կապված է եղել ֆինանսական դժվարությունների հետ, որը տարվա ընթացքում ամբողջությամբ լուծվել է:
2) Հեմոդիալիզի ծառայության գնագոյացման վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 1726-Ա հրամանով հաստատված հեմոդիալիզի մեկ սեանսի 18,100 դրամ արժեքի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012 թվականին «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքները: Ընդ որում՝ վերը նշված հրամանով մեկ ֆիլտրի միջին արժեքը սահմանվել է 6500 դրամ: Այս ցուցանիշը նախատեսվել է ֆիլտրերի ձեռք բերման փաստացի արժեքներից ելնելով (կազմակերպությունների կողմից ֆիլտրերը փաստացի ձեռք են բերվել 5,500-11,000 դրամ արժեքով): Վերը նշված հրամանով հաստատված հեմոդիալիզի գնի ծախսերի կառուցվածքի չափաքանակները կողմնորոշիչ են, դրանք հաշվարկված են հանրապետությունում նշված ծառայություն իրականացնող կազմակերպությունների միջին ծախսերի մակարդակով, որը կարող է շեղվել կոնկրետ կազմակերպությունում փաստացի ծախսերից: Գործող ֆինանսավորման մեխանիզմների համաձայն` հեմոդիալիզի ֆինանսավորումն իրականացվում է մեկ սեանսի համար հաստատված գնով, փաստացի ծախսերի կառուցվածքից անկախ, և փաստացի ծախսերի կատարումը հաշվարկային կողմնորոշիչ ծախսերի շրջանակներում չի պարտադրվում: Ուստի, փաստացի ծախսերի և կողմնորոշիչ չափաքանակների համադրման միջոցով ծախսերի արդյունավետության գնահատումը հիմնավորված չէ: Դեռ ավելին, հեմոդիալիզի ծախսերի արդյունավետության բարձրացման և հիվանդների առողջության անվտանգության նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի 29.09.2012թ. N2175-Ա հրամանի համաձայն, 2012թ. նոյեմբերի 1-ից հեմոդիալիզն իրականացվում է միանգամյա օգտագործման պարագաներով:
3) Ծրագրային հեմոդիալիզի իրականացում մեկանգամյա ֆիլտրերով.
Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է. «Նախարարությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել առողջապահության նախարարի 28.09.2012թ. N 2175-Ա հրամանի կատարման նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել են խախտման դեպքեր»: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նախարարության հետևողական աշխատանքի և վերահսկողության արդյունքում է, որ հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններն անցել են միանգամյա ֆիլտրերի օգտագործմանը: Իսկ խախտում թույլ տված կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
6. ՀՀ առողջապահության նախարարության կողմից բազմաթիվ դեղեր 2012թ. համեմատությամբ 2013-ին գրեթե կրկնակի կամ կրկնակի և ավելի քանակության ձեռք բերման վերաբերյալ.
2013 թվականին 2012-ի համեմատ պետության կողմից կենտրոնացված կարգով բոլոր դեղերի գրեթե կրկնակի կամ կրկնակի և ավելի անգամ քանակությամբ ձեռք բերումը, մասնավորապես հակադիաբետիկ դեղերով ապահովվածությունը 2012 թվականի 23-30 %-ի դիմաց 2013-ին հասել է 57-64%: Ինչ վերաբերում է մնացած դեղերին, ապա 2013թ. կրկնակի կամ կրկնակի և ավելի անգամ քանակությամբ ձեռք բերումը կազմել է ապահովվածության շուրջ 100%, բացառությամբ արյան մակարդելիության վրա ազդող դեղի: Վերահսկողության արդյունքում հաշվի առնված չէ այն փաստը, որ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, որոնց հայտերի հիման վրա է կազմվում դեղորայքի պահանջարկը, 2012 և 2013 թվականներին ներկայացրել են դեղերի անհրաժեշտ այն քանակը, որը առողջապահության նախարարությունը, հնարավորություն չունենալով ամբողջությամբ ձեռք բերել 2012թ., ձեռք է բերել 2013-ի համար:
Վերահսկիչ պալատի արձանագրության մեջ նշված 2013թ.` 2012թ. համեմատ մի շարք դեղերի գների նվազելու վերաբերյալ.
ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման համաձայն: Պետական միջոցներով ապրանքների ձեռք բերման գործընթացի ժամանակ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ ինվոյսային գների վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն և նախարարությունն իրավասու չէ միջամտել ընկերությունների կողմից մատակարարվող գների գնագոյացման գործընթացին:
Հարկ է նշել նաև, որ դեղերի գների վերահսկման և դեղագործական ընկերությունների կողմից դեղերի շուկայում մենաշնորհային երևույթների բացառման նպատակով 2012թ. նոյեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամսական կտրվածքով տեղեկատվություն են փոխանակում դեղերի շուկայում գործող գների վերաբերյալ:
Դեղերի ծագման երկրների փոփոխության վերաբերյալ.
Նախ` հարկ է նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատը մի պարբերության մեջ արձանագրում է. «…2013թ.` 2012թ. համեմատությամբ, մի շարք դեղերի մասով գները նվազել են, սակայն հիմնականում դա պայմանավորված է դեղերի ծագման երկրների փոփոխությամբ» և, որպես օրինակ, նշում է հակադիաբետիկ մեկ դեղի օրինակ: Իսկ մյուս պարբերության մեջ արձանագրվում է. «Որոշ դեղերի մասով ծագման երկրների և մատակարար կազմակերպությունների փոփոխություն չի ունեցել, սակայն 2013թ. դրանք ձեռք են բերվել ցածր գներով» և օրինակ է բերվում երկու դեղ` պրոգրաֆ և ռեկարմոն: Այս պարագայում անհասկանալի է, ինչու է հաշվետվության մեջ դեղերի գների իջեցումը որակավորվում. «հիմնականում պայմանավորված է դեղերի ծագման երկրի փոփոխությամբ»: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մինչև դեղի շրջանառության թույլտվությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, դեղերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում արտադրողի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության, իսկ նմուշները` որակի լաբորատորային փորձաքննության, այնուհետև գնահատվում են դեղի որակական ցուցանիշները, և դեղը գրանցվում է: Դեղը գրանցվելուց հետո շրջանառության ընթացքում ի հայտ եկող դեղի կողմնակի ազդեցության կամ արդյունավետության բացակայության դեպքերի մասին անհրաժեշտ է հայտնել ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 502-Ն կառավարության որոշումների համաձայն: Անկախ ծագման երկրից ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ հսկողություն է իրականացնում և երաշխավորում է ՀՀ-ում շրջանառվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:
7. ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ՝ Կենտրոն) ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքների վերաբերյալ.
1) Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրության. «Կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների ինքնարժեքը հիմնավորված չէ ֆինանսական հաշվարկներով, որի արդյունքում հնարավոր չէ պարզել մի շարք հետազոտությունների արժեքի սահմանման սկզբունքները և ծախսերը: Օրինակ՝ ըստ ներկայացված հաշվարկի, «ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման» մեկ հետազոտության 112.035 դրամ ինքնարժեքի հաշվարկում միայն ուղղակի և անուղղակի աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ծախսը կազմում է 101.939 դրամ կամ ինքնարժեքի 91%-ը: Եթե ծախսանյութերը և հետազոտության համար անհրաժեշտ սարքերն ու սարքավորումները անվճար տրամադրվում են Գլոբալ հիմնադրամի կողմից, ապա զուտ հետազոտության գործառույթի դիմաց 101.939 դրամ արժեքի սահմանումը պահանջում է ստույգ հաշվարկներ, որոնք չեն իրականացվել: Հետևաբար՝ բյուջետային ծախսերի ծրագրավորման և ֆինանսավորման ընթացքում նման հետազոտություններին վերաբերող ծախսերը վերանայման և լուրջ հիմնավորման կարիք ունեն»։
Առարկություն. NՄՁ-01, 08.02.2013թ. Առողջապահական ծառայությունների գնման պետական պայմանագրի հավելված 1-ում Կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների գները ներկայացվել են բժշկական նշանակության ապրանքներով և առանց բժշկական նշանակության ապրանքների:
Ըստ վերը ներկայացված օրինակի՝ ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում ծառայությունը ոչ թե մեկ հետազոտություն է, այլ դեպք է, որն իր մեջ ներառում է մի շարք համալիր լաբորատոր հետազոտություններ. համաճարակաբանական հետազոտություն, բժշկական և հոգեբանական խորհրդատվություններ, կանխարգելիչ բուժման իրականացում: Այսինքն՝ այս ծառայության տրամադրման գործընթացին ներգրավված են Կենտրոնի գրեթե բոլոր բաժինների աշխատակիցները: ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում ծառայության մեկ դեպքի գինը բժշկական նշանակության ապրանքներով 250.000 դրամ է, որի մեջ աշխատավարձը պարտադիր սոցիալական ծախսերի հետ միասին կազմում է 101.939 դրամ, այսինքն՝ 40,8%: Կենտրոնը բժշկական նշանակության ապրանքները ստանում է անհատույց, հետևաբար ծառայությունն իրականացրել է առանց բժշկական նշանակության ապրանքների արժեքի՝ 112.035 դրամով: Հաշվի առնելով այն, որ առանց բժշկական նշանակության ապրանքների ինքնարժեքը ամբողջ ինքնարժեքի մի մասն է, աշխատավարձի և պարտադիր սոցիալական ծախսերը պետք է ավելի մեծ տոկոս կազմեն (91%): Ներկայացված ծառայությունների ինքնարժեքների հաշվարկի համար հիմք են հանդիսացել փաստացի կատարված ծախսերը` ըստ առողջապահության նախարարության կողմից հաստատված նախահաշվով սահմանված ծախսային հոդվածների:
2) Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Գլոբալ հիմնադրամի և նախարարության հետ 22.11.2009թ. «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Կենտրոնի ֆինանսավորումը 01.04.2012– 25.01.2013թթ. կազմել է 127,446.6 հազ. դրամ: Նշված գումարից 40,374.6 հազ. դրամն ուղղվել է աշխատավարձի վճարմանը, իսկ 86,625.4 հազ. դրամը՝ ծրագրերի իրականացմանը (մոնիտորինգ և գնահատում՝ 66,135.5 հազ. դրամ, պլանավորում և ղեկավարում՝ 9,171.0 հազ. դրամ, դասընթացներ՝ 6,263.1 հազ. դրամ, ենթակառուցվածքներ՝ 5,017.5 հազ. դրամ)»։
«Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ նախարարության կողմից իրականացվող՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» ծրագրի 01.01-30.03.2013թ. և 01.04-31.12.2013թ. ժամանակահատվածներում իրականացումն ապահովելու նպատակով Կենտրոնին հատկացրել է համապատասխանաբար՝ 15,046.8 և 61,888.1 հազ. դրամ: Ծախսերի կառուցվածքում շուրջ 80%-ը կազմել է աշխատավարձը, իսկ զուտ ծրագրի իրականացմանն ուղղվել է հատկացված գումարի ընդամենը 20%-ը:»:
Առարկություն. Աշխատավարձի վճարումը և ծրագրի իրականացումն արհեստականորեն տարանջատված են, այնինչ անձնակազմի աշխատանքն անմիջականորեն ուղղված է ծրագրի միջոցառումների իրականացմանը: Աշխատավարձի վճարման ծախսերը հաստատված են ծրագրի բյուջեով, որը համաձայնեցվել է Գլոբալ հիմնադրամի հետ, կատարված ծախսերը չեն շեղվել հաստատված բյուջեից:
3) Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Նույն գործառույթի համար Գյումրու և Վանաձորի աշխատանքային խմբերում ընդգրկված հարցազրույց վարողների հետ կնքվել են 1 հարցազրույցի դիմաց 4800-4888 դրամի ծառայությունների մատուցման պայմանագրեր, իսկ Երևանում՝ շաբաթական 10-22.5 ժամ աշխատաժամանակի դիմաց 80.0-290.0 հազ. դրամ աշխատավարձի դրույքաչափով: Արդյունքում, գործարքային սկզբունքով վճարելու դեպքում Երևան քաղաքում անցկացված 900 հարցազրույցի վարման դիմաց պետք է վճարվեր 4,320.0 հազ. դրամ, սակայն վճարումը կատարվել է ժամկետային աշխատանքի վարձատրության սկզբունքով և վճարվել է 4,922,3 հազ. դրամ»։
Առարկություն. Գյումրու և Վանաձորի աշխատանքային խմբերում ընդգրկված հարցազրույց վարողների հետ 1 հարցազրույցի դիմաց 4888 դրամ արժեքով պայմանագրեր չեն կնքվել: Կնքվել են միայն 1 հարցազրույցի դիմաց 4800 դրամի ծառայությունների մատուցման պայմանագրեր:
900 հարցազրույցի վարման դիմաց վճարվել է 4,922,3 հազ. դրամ ոչ թե այն պատճառով, որ վճարումը կատարվել է ժամկետային աշխատանքի վարձատրության սկզբունքով, այլ այն, որ աշխատանքային պայմանագրերով աշխատողներին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, վճարվել են չօգտագործված արձակուրդի փոխհատուցումներ:
Հարցազրույցների գնահատման համար հիմք են հանդիսացել «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Գլոբալ Հիմնադրամի կողմից հաստատված յուրաքանչյուր խմբում մեկ հարցազրույցի համար նախահաշվով սահմանված ծախսերը: Հաշվի առնելով ծրագրի պահանջները` բոլոր աշխատանքներն ունեցել են ժամկետային բնույթ և, անկախ աշխատանքային պայմանագրերի վճարման սկզբունքից` գործարքային կամ ամսական դրույքաչափ, բոլոր պայմանագրերը կնքվել են որոշակի ժամկետով: Աշխատանքային պայմանագրերով աշխատողներին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, վճարվել են չօգտագործված արձակուրդի փոխհատուցումներ:
4) Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության. «Փաստորեն՝ անկախ թիրախային խմբերի առանձնահատկություններից, բոլոր հարցազրույց վարողների համար աշխատանքային պայմանագրով նախատեսվել են 60%-ի չափով հավելումներ: Ավելին՝ երիտասարդների հետ հարցազրույցի վարման միավորի արժեքը 88 դրամով գերազանցել է մյուս թիրախային խմբերում ընդգրկվածների համար նախատեսված 4800 դրամը»։
Առարկություն. Կենտրոնի աշխատողներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N1907-Ն որոշմամբ հաստատված առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկում և առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում աշխատողին, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածի, Կենտրոնը վճարում է հավելում` աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 60%-ի չափով: Ուստի, անկախ նրանից, թե թիրախային որ խմբի հետ է անցկացվել հարցազրույցը, աշխատավարձի հավելումի մոտեցումը բխել է օրենսդրության պահանջներից: