«Կանանց բոլոր խնդիրները կապված են տղամարդկանց խնդիրների հետ»,-ասում է հոգեբան Գեւորգ Գրիգորյանը:
Հավելում է. «Երբ կինն ու տղամարդը կոնֆլիկտ են ունենում, կինը դրանում իրեն է մեղադրում: Կանայք հիմնականում բողոքում են, որ իրենց ամուսինները չեն կատարում ամուսնական պարտականությունները: Նրանք կասկածում են, թե գուցե իրենց տղամարդը սիրուհի ունի, այդ դեպքում եւս իրենք իրենց են մեղադրում»:
«Առավոտը» փորձել է պարզել, թե մեր երկրում որքանով է կայացած հոգեբաններին այցելելու մշակույթը, ովքեր եւ հիմնականում ինչ խնդիրներով են այցելում մասնագիտական խորհրդատվությունների:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք հոգեբան Գեւորգ Գրիգորյանի եւ հոգեբանական գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի ասիստենտ Քրիստինե Ավետիսյանի հետ:
Նշենք, որ Հայաստանում հոգեբանական խորհրդատվությունների արժեքը միջինը 8 000-16 000 դրամ է (սա վերաբերում է մեկ խորհրդատվությանը):
Ք. Ավետիսյանի խոսքով՝ հաճախորդների առաջին մտահոգությունը լինում է այն, թե ինչ արժե մեկ սեանսը, թե իրենք որքան են հաճախելու, հետեւաբար՝ որքան վճարելու: Զուգահեռներ տանելու համար զրուցեցինք նաեւ Գեւորգ Գրիգորյանի հետ, ով հոգեբանական ծառայություններն անվճար է մատուցում, ինչպես ինքն է ասում, վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ մեկնել էր վերապատրաստման, նոր է սկսել զբաղվել պրակտիկ գործունեությամբ: Երկու հոգեբաններն էլ հավաստում են, որ Հայաստանում աստիճանաբար զարգանում է հոգեբաններին այցելելու մշակույթը: Հաճախորդների շարքում ամենից շատ կանայք են, այցելում են հիմնականում ընտանեկան խնդիրների պատճառով: «Կանայք դժգոհում են, որ տղամարդիկ վիրտուալ կյանքում շփվող անձնավորություններ են, իսկ իրականում սակավախոս են, չեն կարողանում ճիշտ դրսեւորել իրենց հույզերը, արտահայտել իրենց ցանկությունները, արդյունքում՝ հետաքրքրությունը կորչում է նրանց միջեւ: Կանայք բողոքում են նաեւ տղամարդու կողմից չգնահատված լինելուց, այդ ամենը հանգեցնում է վեճերի, իսկ 2013 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը 15 տոկոսով աճել է», – ասում է Քրիստինե Ավետիսյանը:
Իսկ Գեւորգ Գրիգորյանը նշում է. «Ես միշտ ասել եմ, որ իգական սեռի ներկայացուցիչների բոլոր խնդիրները պայմանավորված են արական սեռի խնդիրների հետ: Այս թեմայով նույնիսկ ուզում եմ թեորիա մշակել»: Հոգեբանը տեղեկացնում է, որ շատ կանանց խնդիրներ լուծվել են մասնագետի օգնությամբ՝ նրանց ինքնավստահության բարձրացման դեպքում: Նա նաեւ տեղեկացնում է, որ իր հաճախորդների թվում քիչ չեն տղամարդիկ, բայց ի տարբերություն կանանց, նրանց խնդիրները հիմնականում պայմանավորված են բիզնես ոլորտի եւ, առհասարակ, աշխատավայրի հետ: Տղամարդկանց՝ հոգեբանական խորհրդատվությունների հազվադեպ մասնակցելու առումով Քրիստինե Ավետիսյանը նկատում է. «Սա պայմանավորված է մեր ավանդական մտածողությամբ, հայ տղամարդիկ չեն ցանկանում իրենց խնդիրներով կիսվել անծանոթ մեկի հետ, նրանք նաեւ չեն ուզում բացահայտվել»: Ք. Ավետիսյանը հավելում է, որ իր հաճախորդների թվում քիչ չեն նաեւ 7-8 տարեկան երեխաները. «Սովորաբար ծնողների պնդմամբ են այցելում: Երեխաներին ասում են, թե այնտեղ քեզ չեն սրսկելու, դեղեր չեն տալու, իսկ նրանց հետաքրքրությունը շարժվում է, ուզում են իմանալ, թե ինչ է հոգեբանն իրենից ներկայացնում»:
Ըստ հոգեբանների, առհասարակ իրենց ծառայություններից օգտվում են միջանձնային խնդիրների, հաղորդակցման, շփման դժվարությունների պարագայում: «Այսօրվա սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի անձը իրեն կայուն չզգա, իր վաղվա օրը, ապագան չկարողանա հստակորեն տեսնել, անորոշության, տագնապալիության զգացողություններն աստիճանաբար բարձրանում են, ինչը կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների»,- ասում է Ք. Ավետիսյանը: Վերջինս կիսում է հոգեբան Գեւորգ Գրիգորյանի այն կարծիքը, որ հատկապես վերջին տարիներին մարդիկ ավելի շատ են հաճախում հոգեբանական խորհրդատվությունների, ինչը նրանք պայմանավորում են հոգեբանի մասնագիտության էության ճիշտ ընկալման, նրա հանդեպ վստահության աճի եւ առհասարակ հասարակության իրազեկության հանգամանքով: Կա նաեւ ծայրահեղություն, երբ հոգեբաններին այցելում են, այսպես կոչված՝ «պրիստիժի համար», շրջապատում գլուխ գովալու նպատակով: Այնուամենայնիվ, երկու մասնագետներն էլ տեղեկացնում են՝ հոգեբաններին չդիմելու պատճառը ոչ թե ֆինանսական բավարար միջոցներ չունենալու հանգամանքն է, այլ նրա նշանակությունը լիովին չգիտակցելը: Ք. Ավետիսյանը նկատում է, որ մեզանում առկա է նաեւ մի բացասական երեւույթ, այսօր հոգեբանին դիմում են դանակը ոսկորին հասնելու դեպքում, մինչ այդ բոլոր դռները ծեծելուց հետո. «Մեր ժողովուրդը սովոր է որոշակի խնդիրներ ունենալու դեպքում առաջին հերթին դիմել բժիշկներին, այցելում են նյարդաբանի եւ այլ մասնագետների, վերջում արդեն բժիշկներն են նրանց ուղղորդում հոգեբանների մոտ, իրենք էլ գալիս ասում են՝ վայ, որ իմանայինք, միանգամից էստեղ կգայինք, էլ ոչ ժամանակ, ոչ էլ ֆինանսական միջոցներ կծախսեինք»:
Մասնագետները տեղեկացնում են՝ կան հոգեբանական խնդիրներ, որոնք գտնվում են անգիտակցական ոլորտում, կան նաեւ խնդիրներ, որ մարդիկ չեն ցանկանում իրենք իրենց խոստովանել, կան նաեւ այլ բնույթի խնդիրներ, որոնք առանց մասնագետի օգնության հնարավոր չէ լուծել:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ