Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կպարտավորեցնի Միգրացիոն ծառայությանը՝ փախստականին տեղեկանք տրամադրել

Ապրիլ 16,2014 14:30

Հայաստանի վարչական դատարանում Գեւորգ Ղարագյոզյանի փախստական լինելու հանգամանքն ապացուցվել էր, սակայն ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը չէր տրամադրում տեղեկանք այն մասին, որ Գեւորգը Հայաստանում ունի փախստականի կարգավիճակ: Այդ մասին «Առավոտն» անդրադարձել էր եւ նշել, որ Գեւորգի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՄՊԾ-ի կողմից եւ հիմնավորվել, որ նա ծնվել է Հայաստանում: Դա չի եղել հատկանշական հանգամանք, քանի որ դատարանում ապացուցվել է, որ Գեւորգը ծնունդից հետո (ծնվել է 1985թ.) եղել է Ադրբեջանում, որից հետո՝ 1988 թվականին, բռնագաղթվել: Ինչպես նշեցինք, դատարանի վճռի հիման վրա, որն ապացուցում էր, թե՝ Գեւորգը համարվում է փախստական, ՄՊԾ-ն չէր տրամադրում նրան տեղեկանք՝ փախստականի անձնագիր ստանալու համար: Այդ հարցի հետ կապված՝ Գեւորգը դիմել էր տարածքային կառավարման նախարարին, որպեսզի նախարարը միջամտի տեղեկանք տրամադրելուն, սակայն Գեւորգին փախստական համարվելու տեղեկանքի տրամադրումը մերժվել էր: Դա եղել էր պատճառ, որ փախստականը եւս մեկ անգամ հարցը բարձրացնի դատարանում: Այդ անգամ նա հայց էր ներկայացրել՝ փախստական հանդիսանալու փաստը հաստատող տեղեկանք տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին: Դատական նիստը նախագահող դատավոր Աղասի Դարբինյանը երկարաժամկետ շրջանում մանրակրկիտ ուսումնասիրելով գործում առկա փաստերը՝ գտել էր ՄՊԾ-ի «ձախողումները» եւ բավարարել Գեւորգի հայցը: Ընդ որում՝ նշենք, որ դատարանը կպարտավորեցնի Միգրացիոն ծառայությանը, որ Գեւորգին տրամադրի փախստական լինելու վերաբերյալ տեղեկանք, որն էլ կդառնա հիմք, որ Գեւորգը ստանա փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Տեղեկանք տրամադրելու մասով վարչական դատարանը վճռում արձանագրում է. «Դատարանն արձանագրում է, որ հայցվորը՝ Գեւորգ Ղարագյոզյանը, ՎԴ/3763/05/09 վարչական գործով կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դիմել է վարչական մարմնին փախստական լինելու փաստը հավաստող տեղեկանք տրամադրելու, այլ ոչ թե փախստական ճանաչելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջով, քանի որ դատարանի վճռով արդեն իսկ հաստատված է եղել հայցվորի փախստական հանդիսանալու փաստը։ Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստում է, որ ՎԴ/3763/05/09 վարչական գործով եւ սույն վարչական գործով ներկայացված հայցերի առարկաները նույնը չեն, քանի որ մի դեպքում պահանջը եղել է բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելը, իսկ մյուս դեպքում` գործողություն կատարելուն, այն է` տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնելը։ Այսպիսով, վերը նշված իրավական եւ փաստական հիմնավորումներով` դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման: Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ Գեւորգ Ղարագյոզյանին տրամադրել փախստական հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»։

Այդ մասին Աշխեն Եսայանը, որ եղել է հայցվոր Գեւորգի ներկայացուցիչը դատարանում, «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց. «Նախորդ վճռով անվավեր էր ճանաչվել Միգրացիայի փախստական չճանաչելու որոշումը եւ Գեւորգին օրենքի ուժով ճանաչել փախստական: Միգրացիան տեղեկանք չէր տրամադրում, քանի որ սխալ էր մեկնաբանում դատարանի վճիռը: Վճռով մերժվել էր երկրորդ՝ փախստական ճանաչելու մասին վարչական ակտ ընդունելու հայցապահանջը: Իրենք հիմնվում էին դրա վրա եւ տեղեկանք չէին տալիս, բայց տեղեկանք տրամադրելը վարչական ակտ կայացնելու հայցապահանջի հետ կապ չունի, քանի որ Գեւորգի գործով ակտ կայացնելու անհրաժեշտություն չի եղել: Բացի դա՝ տեղեկանք տրամադրելը գործողության կատարման հայց է, իսկ ակտ կայացնելը՝ պարտավորեցման, որը ծառայությունում չեն կարողանում տարբերակել»:
«Առավոտը» մեջբերում չի անում Միգրացիոն ծառայության կողմից, քանի որ դատական նիստերին, որպես պատասխանող կողմ, ներկա չեն լինում, իսկ հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ մեծ թվով փախստականներ կարճ ժամկետում զրկվում են իրենց իրավունքներից, պատասխանը լինում է կարճ ու կոռեկտ. «Օրենքն է պահանջում»:

Այդպիսով, դատարանն այս անգամ կպարտավորեցնի Միգրացիոն ծառայությանը, որ ոչ միայն ճանաչեն փախստական, այլեւ՝ տրամադրեն փախստականի անձը հավաստող տեղեկանք:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930