Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆիլմ՝ ռոմանտիկ «տականքների» մասին (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 12:26

Ապրիլի 25-ից մեծ էկրանին կլինի «Ռոմանտիկները» նոր երիտասարդական դրաման, որի գլխավոր դերերում նկարահանվել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը։ Ֆիլմի ռեժիսորներն են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում նրանք որոշ «փակագծեր» բացեցին:

«Ես ուզում եմ անկեղծ լինել ու բոլորին նախազգուշացնել, որ այս տեսակ հայկական ֆիլմ դեռ չի նկարահանվել։ Ֆիլմի էական թեմաներից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունն է և դրա շուրջ ծավալվող բանավեճերը՝ երիտասարդների շուրթերով, սակայն մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների միջեւ։ Ի դեպ, գերմանացի մի շարք կինոգետներ ու կինոծրագրավորողներ մեզ բացեիբաց նշում են, որ ֆիլմում շեշտված հակաթուրքական ու հակագերմանական դիրքորոշումը չեն կարող ողջունելի լինել գերմանացի հանդիսատեսի համար։ Ֆիլմն ըստ էության՝ 6 ընկերների մասին է, որոնք բանական մարդ լինելով հանդերձ՝ մի քանի ժամում վերածվում են գազանի, նրանց մեջ արթնանում է կենդանին։ Ֆիլմի նկարահանման ոճն այնպիսին է, ասես՝ հանդիսատեսն էլ է մասնակցում»,- պատմում է Արեգ Ազատյանը:

Իսկ ինչու է ֆիլմը կոչվում «Ռոմանտիկները»: Շողիկ Թադեւոսյանի խոսքով. «Ռոմանտիկներ, որովհետև հերոսների երազանքները ռոմանտիկ են, նրանք մեղսագործներ են, սակայն, ինչպես անմեղ երեխան՝ անգիտակցորեն են հանցանք գործում։ Իրականում սա «Տականքներ» բառի հականիշ է։ Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը. «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»։ Այս արտահայտությունը որոշակի առաջաբան է եղել մեզ համար, սակայն մեր հերոսները տականքներից միայն մի բանով են տարբերվում. նրանք իրենց մեղքը չեն գիտակցում, ուստի դրա համար էլ ռոմանտիկ են»։

Ռեժիսորները նշեցին, որ ֆիլմում «բաց» կամ էրոտիկ տեսարան չկա։ «Կա սարկազմ, որոշակի ծաղրանք նմանօրինակ տեսարանների հանդեպ։ Ֆիլմը նկարահանված է ռեալիստական ոճով ու այդ իմաստով շատ համարձակ կթվա։ Մենք մեր հերոսներին ազատություն ենք տվել, նրանց խոսքն ու գործողությունները մաքսիմալ անկաշկանդ են։ Թեև ֆիլմում կան հայհոյանքներ, մեկ է դա արված չէ գռեհկորեն։ Եթե անդրադառնում ես նման թեմայի` այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի: Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միևնույն ժամանակ ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները` գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են»,-հայտնեց Արեգ Ազատյանը:

Հավելենք, որ «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային Ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ» եւ «Լավագույն դերասան»։

«Ռոմանտիկներն» իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթեբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի եւ այլ ընկերությունների աջակցությամբ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Գոթեբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա) 2014թ. հունվարին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930