Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը կգնա՞ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհով

Ապրիլ 16,2014 12:30

Ի՞նչ է ապացուցելու Հովիկ Աբրահամյանի նկատմամբ
«ոչ իշխանական» ուժերի չեզոքությունը

ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը, իհարկե, սպասված էր այն առումով, որ ի սկզբանե արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը խնդիր ունի այնպիսի թեկնածուի ընտրել, որն «ընդունելի» կլինի «ոչ իշխանական ուժերի» եւ հատկապես ԲՀԿ-ի համար:

Այն, որ իշխող Հանրապետականում եւ առհասարակ՝ իշխանության ներսում միասնականության խնդիր կա, այդ մասին ակնարկեց նույնիսկ Սերժ Սարգսյանը, երբ կիրակի օրը ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին՝ նշեց հետեւյալը. «Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու եւ աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով եւ, որ ամենակարեւորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով»:
ԲՀԿ-ն, ինչպես երեւում է, մաս չի կազմելու իշխանությանը, կոալիցիա մտնելու հարց չունի օրակարգում, թեեւ այդ կուսակցության անդամները դեպի իշխանություն թեքվելու հարցում արդեն քայլեր են անում՝ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն, օրինակ, ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին: Հավանաբար, ԲՀԿ-ում վտանգ են զգում նման «ակցիաների» հաճախակիացման առումով, այդ իսկ պատճառով ԲՀԿ խմբակցության քարտուղարի մակարդակով հայտարարվեց, որ այն ԲՀԿ-ականները, որոնք ներգրավված կլինեն կառավարությունում՝ «նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցությունից»։

ԲՀԿ-ի` կառավարությանը մաս չկազմելու որոշումը մարտավարական տեսանկյունից միանգամայն հասկանալի «խաղ» է: Ինչո՞ւ պատասխանատվություն կիսել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, եթե կարելի է մի կողմ քաշված մնալ, երկրի ու ժողովրդի խնդիրների մասին բարձրաձայնել ու պատասխանատվություն չստանձնել այդ խնդիրները լուծելու հարցում:

Բայց այստեղ նաեւ մեկ այլ հարց է ծագում` իսկ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման նկատմամբ չեզոքություն դրսեւորելու դեպքում ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը, եւ ոչ միայն նրանք, արդյոք մասնակցություն չե՞ն ունենում, ընդհանուր առմամբ, գործող քաղաքական համակարգի գոյատեւմանն ու պահպանմանը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, իշխող Հանրապետականն ու նոր ձեւավորվելիք կառավարությունը, որն էլ մոտ ապագայում պատասխանատվություն է ստանձնելու:
ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ կարդում ենք. «Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»:

Ինչո՞ւ, կարելի էր Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականը պահանջել, իսկ Հովիկ Աբրահամյանինը` ո՞չ: Իսկ գուցե Հովիկ Աբրահամյանից ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը այլ ակնկալիքներ ունեն… Որ որոշակի ակնկալիքներ կունենան, օրինակ, պարզ դարձավ ապրիլի 8-ին «Ա1+»-ի եթերում՝ «P.S.» հաղորդաշարի ընթացում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խոսում էր Սերժ Սարգսյանի կողմից ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու թեմայի շրջանակներում, դրա պատճառների մասին, թե ինչու այդպես կցանկանար վարվել Սերժ Սարգսյանը, եւ երբ հաղորդման հեղինակ Արամ Աբրահամյանը հիշեցրեց, որ 1996-ի ընտրություններից քիչ անց Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետ նշանակեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը, բայց Քոչարյանը եկավ ու «փորեց Լեւոն Տեր-Պետրոսյանի տակը», դարձավ երկրի նախագահ, Լյուդմիլա Սարգսյանը բավական խոսուն պատասխան տվեց. «Ես ձեր ակնարկը հասկացա, Աստված ձեր ձայնը լսի…»:

Այսինքն` հիմա էլ ՀԱԿ-ը պետք է սպասի, որ Հովիկ Աբրահամյա՞նը ներսից «կազմաքանդի» Սերժ Սարգսյանի իշխանությունը ու «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» իրականացնի…

Եթե այդպես է, ուրեմն, ինչպես 1998 թվականի փետրվարյան իշխանափոխությունը, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալն էր համարվում «պալատական հեղաշրջում», ապա այդպես էլ այսօրվա «ոչ իշխանական» ուժերը քաղաքական պայքարում իրենց նպատակի` Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհին ամենաիրագործելի տարբերակը, փաստորեն, մոտավորապես, 1998-ի նման «լուծմամբ» են հնարավոր համարում` նորանշանակ վարչապետի ակտիվ մասնակցությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930