Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը

Ապրիլ 16,2014 14:55

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը եւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արամ Աբրահամյան.- Խնդիրներից մեկը իշխանությունների բաժանումն է: Եթե նախագահը մեծամասնություն ունի Ազգային ժողովում՝ ասված է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծում, ապա չկան զսպումներ եւ հավասարակշռումներ, եւ մեծանում է քաղաքական մենաշնորհի վտանգը: Այդ խնդիրը, ինչպես տեսնում ենք, կա Հայաստանում: Բայց ես չտեսա, թե ինչ լուծումներ են դրա համար առաջարկվում:

Արմեն Մազմանյան.– Կարծում եմ` տեքստը ուսումնասիրելը այդ առումով շատ կարեւոր է: Կոնկրետ անդրադառնամ ձեր հարցին` ի՞նչ մեխանիզմներ են առաջարկված, որոնք կարող են զսպել քաղաքական մենաշնորհը՝ նախագահի կամ այլ պաշտոնյայի: Առկա վիճակը, կարծում եմ, բավական ճիշտ է նկարագրված, նաեւ կարող ենք շնորհակալություն հայտնել հեղինակներին անկեղծության համար: Այնուամենայնիվ՝ որեւէ մեխանիզմ, որը կպայքարի քաղաքական մենաշնորհի դեմ, ես այստեղ չեմ տեսնում: Ավելին ասեմ` ես փորձել եմ կարդալ շատ ավելի ուշադիր, այստեղ կարծում եմ, որ ոչ միայն մեխանիզմ չկա, որով կարելի է պայքարել քաղաքական մենաշնորհի դեմ, ես տեսնում եմ նույնիսկ անուղղակի միտում, որով առաջարկվող համակարգը որոշակի ձեւով կխթանի այդ քաղաքական մենաշնորհները: Ուշադրություն դարձրեք, որ մի շարք տեղերում, հատկապես կառավարման համակարգին վերաբերող մասերում, նայեք` քանի անգամ է շեշտվում «կայուն մեծամասնություն» բառը: Ուշադրություն դարձրեք այսպիսի մի առաջարկության. «Ընտրական համակարգի նպատակներն են` 1. խորհրդարանում ապահովել քաղաքական մեծամասնություն»: Արդյոք սա քաղաքական մենաշնորհին տանող որոշակի մենթալիտետ կամ մտածողություն չէ՞, արդյոք ընտրությունների իմաստը մեծամասնություն ձեւավորե՞լն է, թե՞ իշխանություն ձեւավորելը:

Ա. Ա.- Այսինքն՝ մեծամասնությունը կոճակները սեղմեց, նախագահը, վարչապետը, կառավարությունը, Ազգային ժողովի մեծամասնությունը կարող են անցկացնել ցանկացած բան: Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել:

Տիգրան Աթանեսյան.- Խուսափել հնարավոր չէ, եւ ես կուզեի մի քիչ դուրս գալ այս հայեցակարգից: Ինչո՞ւ մենք մեզ հարց չենք տալիս, թե ինչու Հայաստան պետությունը դարձավ հանրապետություն: Ես չեմ կարծում, որ դա գիտակցված ընտրություն էր մեր հասարակության կողմից, մենք վերագտանք մեր անկախությունը 1918-ին, այն ժամանակ, երբ Եվրոպայում մոդայիկ էր հանրապետությունը: Սահմանադրությունը, լինելով ողնաշարը պետության, պետք է լինի գիտակցված ընտրություն հասարակության կողմից, մեզ մոտ դա չկա, հետեւաբար սահմանադրական ցանկացած բարեփոխում ընդամենը ժողովրդի կողմից ընկալվում է որպես հերթական մեքենայություն, որովհետեւ ոչինչ չի փոխվելու: Ես խիստ կասկածում եմ, որ 1995-ին ժողովուրդը ընդունել էր առաջին Սահմանադրությունը, ես առավել քան վստահ եմ, որ 1978թ. Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը ինչ-որ մեկը հասկանում էր: Սահմանադրության մասին խոսելիս նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ այն ժողովրդի ընտրությունն է կամ առնվազն ժողովրդի կողմից վստահված անձանց ընտրությունը:

Ա. Ա.– Շարունակեմ մեջբերել: «Առկա չէ նախագահ-Ազգային ժողով-կառավարություն սահմանադրական լիազորությունների վեճերի լուծման մեխանիզմը»: Օրինակ` Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը: Կառավարությունն ասում է՝ դա իմ գործն է, ամեն մի պահարանի օտարման մասին ես չպիտի զեկուցեմ, իսկ խորհրդարանն ասում է` չէ, սա պահարան չի, սա ուժեղ բիզնես է, մեզ պետք է դիմեք:

Տ. Ա.- Խորհրդարանը չէ, խորհրդարանական փոքրամասնությունն է: Ես չեմ կարծում, որ մենք ունենք վեճ, մեր երկրում ամեն ինչ լուծված է, ուղղակի լուծումներին տրվում են տարբեր ձեւեր: Մեր երկրում դեռեւս չի եղել վիճակ, երբ այդ մարմինները միմյանց հետ վիճեն, եղել է 1999-ին, ավարտվեց` բոլորս գիտենք ինչով, ավելի լավ էր չվիճեին:

Ա. Ա.– Այնուամենայնիվ, լիազորությունների, վեճերի լուծման մեխանիզմի մասին:

Ա. Մ.- Այստեղ խոսքը, իհարկե, Սահմանադրական դատարանին որոշակի լիազորություն ընձեռելու մասին է, սա, իհարկե, կենտրոնական դեր չի խաղում այս կառավարման համակարգի փոփոխման մեջ: Մեր պատմության մեջ չենք տեսել դեպքեր, երբ որ լինի կոնֆլիկտ, բայց ենթադրենք, որ ապագային միտված փաստաթուղթ է, եւ այդ կոնֆլիկտը պետք է լինի: Ես սկզբունքորեն կողմնակից եմ, որպեսզի Սահմանադրական դատարանի լիազորությունները հնարավորինս լայնացվեն, դա կնպաստի իշխանությունների բաժանմանը: Սահմանադրական դատարանի մասին համեմատական եւ հարաբերական լավ ակնկալիքներ ունեմ այս երկրում, այնուամենայնիվ՝ կարող եմ վերլուծել այն պատճառաբանությունը, որով փորձում են հիմնավորել այս կարիքը, որ այդ վեճերը պետք է լուծել իրավական դաշտում:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մաթեմատիկայի բոլոր թեորեմները ապացուցվում ու բացատրվում են մի քանի աքսիոմներով, ֆիզիկայի օրենքները՝ մի քանի պոստուլատներով, կրոնի օրենքները՝ մի քանի դոգմատներով, նմանապես, ազգային բարոյական օրենքները՝ ազգային ավանդույթներով եւ պետական օրենքները՝ մի քանի սահմանադրության հոդվածներով: Ինչպես մաթեմատիկայի ու ֆիզիկայի աքսիոմներն ու պոստուլատները համընդհանուր են մարդկության համար, այնպես էլ մարդկության սահմանադրությունները պետք է համընդհանուր լինեն մարդկության համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930