Նախորդ օրը Գյումրու «Ծերերի տուն-ինտերնատ»-ի երիտասարդ բնակիչներից մեկը` 54-ամյա Գագիկը, փորձել էր ինքնասպանություն գործել: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Շիրակի մարզային ոստիկանությունից, նա փորձել է իրեն երկրորդ հարկից վայր գցել, իսկ պատճառը եղել է մեկ օր առաջ տնօրեն Ներսես Մարգարյանի հետ վիճաբանությունը: Վերջինս, ըստ ոստիկանության, վիճաբանել է ճաշարանում `սննդի հետ կապված: Տնօրենը զանգահարել է ոստիկանություն, օգնության կանչել ոստիկաններին: «Կումայրի»
բաժնի ոստիկանները, արագ տեղ հասնելով, համոզել են նրան ու կանխել են ինքնասպանության փորձը:
Այժմ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստում Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում:
Aravot.am-ը այս թեմայով հեռախոսազրույց ունեցավ Գյումրու տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանի հետ, որն ասաց, թե ինքնասպանության փորձ Գագիկը կատարել է կառույցի մուտքի մոտ գտնվող բազրիքներից: Նաև փոխանցեց, որ ինքը անձամբ է զանգահարել ոստիկանություն, ոստիկանները եկել ու իջեցրել են նրան:
Կարդացեք նաև
Տնօրենը նաև պարզաբանեց, որ Գագիկը վիճաբանել է ոչ թե սննդի համար, այլ ավելորդ արտահայտություններ է թույլ տվել բուժքրոջ ու իրեն խնամողների հասցեին, երբ տնօրենը չափի է հրավիրել, ասելով` ամոթ չէ, քեզ խնամողների մասին այդպես ես խոսում, վերջինս էլ փորձել է ինքնասպան լինել:
Ըստ տնօրենի, նա տառապում է որոշ հիվանդություններով: Վերջինս 3-րդ կարգի հաշմանդամ է, ու թեև Երևանում սեփական տուն ունի, կին ու երեխաներ, սակայն գերադասել է նրանից հեռու գալ ու ապրել Գյումրիում:
Մենք այս թեմային դարձյալ կանդրադառնանք ` Գյումրու տուն-ինտերնատ այցելելուց հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ