Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ծանրակշիռ ֆեյքերը

Ապրիլ 16,2014 12:11

Սոցցանցերում, բացի սովորական օգտատերերի էջերից, մեծ տարածում ունեն «անսովոր» օգտատերերը, որոնց ժողովրդական-համացանցային լեզվով «ֆեյքեր» են կոչում: Սրանք մարդիկ են, ովքեր հանդես են գալիս ոչ իրենց իրական անուններով ու լուսանկարներով: Հայկական վիրտուալ իրականության մեջ ֆեյքերը լայն տարածում ունեն: Դրանցից ոմանք բացասական արձագանք են ստանում ֆեյսբուքյան հակառակ դաշտի՝ «իսկական» օգտատերերի կողից: Բայց ոմանք էլ սիրվում են ու ընդունվում: «Անկախ Հայաստան» ֆեյքը եզակի հաջողակներից է: Երիտասարդի գրառումներն ակտիվ մեկնաբանվում ու հավանությունների են արժանանում, էջում հաճախ կարելի է տեսնել հայտնի պաշտոնյաների, որոնք ընկերական-մտերմիկ տոնով մեկնաբանություններում զրուցում են էջի տիրոջ հետ ու կատակում: Նրա օգնությամբ «անկախ» բառը ֆեյսբուքում սկսեց օգտագործվել որպես հատուկ գոյական՝ ածականի փոխարեն. երիտասարդին հենց Անկախ են դիմում՝ անվան նման: Անկախն ակտիվ արձագանքում է մեր երկրում կատարվող ցանկացած հնչեղ իրադարձության, մեկնաբանում, գնահատում, հաճախ նաև կատակում ու կիսվում երաժշտական ճաշակով:

Ankax_Hayastan

Էջը ստեղծվել է մոտավորապես երեք տարի առաջ: Սկզբնական շրջանում Անկախը, բացի ֆեյք էջից, ուներ նաև անձնական էջ, որտեղ գրանցված էր իր իսկ տվյալներով: Այսօր արդեն գործում է միայն ֆեյք էջը: Իսկ ֆեյսբուքյան կեղծանվան ընտրությունը բացատրեց այսպես.

-Էջիս անվանումն ընտրված է այն պարզ պատճառով, որ ես էլ եմ անկախ երկրիս նման անկախ երիտասարդ ու իմ խոսքն ու ասելիքն եմ ուզում ունենալ` երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ «Անկախ Հայաստան» անվանումը ճիշտ որոշում էր:

– Իսկ ի՞նչ է Ձեզ տալիս ֆեյք էջ ունենալը: Որո՞նք են դրական ու բացասական կողմերը:

Ֆեյք էջը թույլ է տալիս ավելի ազատ լինել ու ազատ կառուցել քո խոսքը: Իհարկե, խնդիր չունեմ նաև նույնն անել՝ ստորագրվելով իմ անունով, սակայն երբեմն սուր գրառումներս, ասենք, մեր աստղերի այս կամ այն սխալի մասին, արագ ֆաների կողմից վեր են ածվում հեղինակաորսի: Մենք դեռ քննադատությունը հանգիստ ընկալելու նորմալ կուլտուրա չունենք, իսկ ես հավես չունեմ գլուխս ջարդված տուն գնալու: Բայց կարծում եմ՝ ինչ-որ պահի կբացահայտեմ իմ ով լինելը: Իսկ ինչ վերաբերում է բացասականին` ես բազմիցս նշել եմ. չես կարողանում «էն սիրուն, անզուգական ու գյոզալ աղջիկների հետ հանդիպել»:

-Ձեր էջում հաճախ կարելի է տեսնել բավականին «ծանրակշիռ» դեմքերի. օրինակ՝ Արմեն Աշոտյանին, Ստյոպա Սաֆարյանին… Ինչպե՞ս ես մտերմացել նրանց հետ:

Արմեն Աշոտյանն ու Ստյոպա Սաֆարյանը իմ «ՔԻՖ»-երն են, բայց պիտի խոստովանեմ, որ երբեք նրանց հետ «ռեալում» բառ փոխանակած չկամ: Ավելին ասեմ. Աշոտյանին նույնիսկ պատահական չեմ տեսել, իսկ Ստյոպային վերջերս առաջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգին տեսա: Չեմ հիշում կոնկրետ մի այնպիսի պատմություն, որի պատճառով մտերմանայինք, ուղղակի «սիմպատիայի» խնդիր է երևի: Բազմաթիվ հրաշալի ֆեյսբուքյան ընկերներ ունեմ, որոնց հետ ամենօրյա շփումն ուղղակի հրաշալի է, ու նրանք բոլորը ինձ համար շատ թանկ են: Իսկ էդ Ձեր նշած «ծանրակշիռ» դեմքերը լավ է, որ կան: Իսկ ինչո՞ւ ոչ. չէ՞ որ ես էլ ծանրակշիռ ֆեյք եմ:

-Ինչքանո՞վ են, առհասարակ ,ֆեյք էջերը պետք ֆեյսբուքին, ի՞նչ են դրանք տալիս «իրական» օգտատերերին:

-Ֆեյք էլ կա, ֆեյք էլ: Ու, միևնույն ժամանակ էլ, իրական օգտատեր կա, որ ավելի լավ է՝ ֆեյք լիներ: Այնպես որ, այս հարցը հարաբերական է: Պարզապես ֆեյք լինելուց երբեք չի կարելի գրել ստատուսներ, որոնք ոչ մի դեպքում չէիր գրի, եթե քո անուն-ազգանունով ու նկարով լինեիր: Դա արդեն ֆեյքություն չի, անհամություն ա:

HHK_tatik

Մեր քաղաքն ունի իր հերոսները, որոնք Երևանին համուհոտ են հաղորդում: Դրանցից է 76-ամյա Սուսան տատիկը, որին շատերը որպես ՀՀԿ տատիկ են ճանաչում ու հաճախ տեսնում քաղաքի ու քաղաքական իրադարձությունների կենտրոնում: Քսանհինգամյա երիտասարդը ճիշտ ժամանակին ճիշտ պահը որսաց ու Ֆեյսբուքում ֆեյք բացեց՝ «ՀՀԿ տատիկ » անվամբ: Էջը բացվեց 2013թ-ի օգոստոսին՝ տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիաների ժամանակ:

-Տրանսպորտի վարձի թանկացմանն ուղղված ակցիաներից մեկի ժամանակ տատիկը վիճաբանում էր ակտիվիստների հետ, վիրավորում նրանց, գոռում, թե ամեն ինչից տեղյակ է, բոլորը դրսից են ուղղորդվում, ու միակ հայրենասերը ինքն է ու հանրապետականները: Ակտիվիստներն էլ հումորով էին վերաբերվում: Տատիկն ավելի էր զայրանում: Հենց դրանում է տատիկի կերպարի յուրահատկությունը. ասում է՝ ինչ ցանկանա և ում ցանկանա՝ թեկուզ շատ կտրուկ, բայց նրանից չեն նեղանում: Բացի դա, տատիկի բնավորությունը չարի, ագրեսիայի (ակտիվիստների, ժառանգության ու ՀՀՇ-ի նկատմամբ) ու բարու, սիրո (հանրապետականների հանդեպ ) համադրությունն է:

-Որո՞նք են Ձեզ համար ֆեյք էջ ունենալու դրական և բացասական կողմերը:

 –Ամենադրական. ֆեյք ունենալը հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր ընկերներ, նոր շրջապատ, որոնց հետ շատ ընդհանրություններ ունեմ ու շատ ուրախ եմ, որ ծանոթացա: Իհարկե, շատ շնորհակալություն տատիկին. առանց իրեն չէր ստացվի: Մեկ այլ առավելություն. հնարավորություն ունես ցանկացած խոսակցությանը խառնվել, ցանկացած բան գրել ու բոլորին ջղայնացնել: Բացասական կողմերից. մարդիկ լուրջ են տրամադրված, անձնական նամակներով հայհոյանքներ են գրում: Թող գրեն՝ եթե դա իրենց մխիթարում է:

– ՀՀԿ տատիկը գիտի՞, որ իր էջը կա ֆեյսբուքում: Դուք ինքներդ տատիկի հետ շփվե՞լ եք:

-Տատիկին շատ եմ տեսել Կառավարության մոտ՝ ակցիաների ժամանակ: Մի անգամ ուզում էի խոսել, ագրեսիվ էր՝ վախեցա կոպալով խփի: Ավելի քան համոզված եմ, որ գիտի: Գիտի նաև ով եմ, ինչ եմ շնչում, ինչով եմ ապրում: Տատիկին մի աչքո՞վ եք նայում. տատին գիտի նաեւ Լեդի Գագային, a+b-ի քառակուսին, Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած վայրագությունները, բոլոր ակտիվիստների ապրած-շնչածը և… բժշկություն:

Հ.Գ. խոսակցության վերջում ՀՀԿ տատիկը, հավատարիմ մնալով իր իրական կերպարին, ուղարկեց ինձ հաշվեհամար ու խնդրեց փոխանցել հինգ հազար դրամ:

 Սյունե ՍԵՎԱԴԱ

Նկարները՝ օգտատերերի անձնական էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930