Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնը՝ ներսից, ժյուրին՝ դրսից

Ապրիլ 16,2014 14:16

Առաջին անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ անցկացվող «Սոսե» կինոփառատոնը, որն ունի «Բովանդակությունը՝ ԿԻՆ» խորագիրը եւ կրում է մեր պատմության մեջ կնոջ ամենավառ կերպարներից մեկի՝ Սոսե մայրիկի անունը, թեեւ տեղական նշանակություն ունի, սակայն ժյուրիի կազմում ընդգրկված են միայն արտերկրյա ճանաչված արվեստագետներ:

Simon-Sahakyan

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց 2013թ. հիմնադրված «Զիս» փրոդակշընի ղեկավար, կինոփառատոնի տնօրեն, պրոդյուսեր Սիմոն Սահակյանը: Փառատոնային ծրագրում ընդգրկված 9 կարճամետրաժ ֆիլմերը (4-25 րոպե տեւողությամբ) ուղարկվել են ժյուրիի անդամներին՝ ամերիկաբնակ ճանաչված ռեժիսորներ Արտակ Սեւադային, Արթուր Թումասյանին, ռուսաստանաբնակ դերասանուհի Լաուրա Քեոսայանին եւ ռեժիսոր Վահե Յանին:

Rita-Khalatyan-4

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը նշեց, թե կարեւորելով հանդիսատեսի կարծիքը, իրենք բոլոր ֆիլմերը տեղադրել են www.zis.am կայքում, ինչը մեզ մոտ նորություն է, հետո էլ ասաց. «Ապրիլի 18-ին «Նաիրի» կինոթատրոնում կկայանա «Սոսե»-ում ընդգրկված բոլոր ֆիլմերի հանրային ցուցադրությունը, մրցանակների հանձնման եւ փակման արարողությունը: Բնականաբար, կշնորհվի նաեւ «Հանրության համակրանք» մրցանակը փառատոնային չորս՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասանական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք» եւ «Լավագույն սցենար» անվանակարգերի թվում: Կան մեկ-երկու ֆիլմեր, որոնք տարբեր մրցույթներում, այդ թվում՝ «Ոսկե ծիրանին», արդեն արժանացել են ժյուրիի ուշադրությանը»:

Mariam-Minasyan

Հետաքրքրությանը, թե այս կինոփառատոնի մտահղացումը հավանաբար շարունակությունն է արդեն ավարտված կանանց միամսյակի միջոցառումների, կինոփառատոնի համակարգող Մարիամ Մինասյանը պատասխանեց. «Մեզանում կան կանանց իրավունքներով, խնդիրներով եւ այլ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ: Մենք որոշեցինք մշակութային լեզվով խոսել այդ հարցերի մասին: Համոզված ենք, որ ֆիլմերի վերնագրերը ավելի քան խոսուն են, օրինակ՝ «Մերկացած կինը», «Սպասում», «Մեկ ծուխ, մեկ միտք», «Հրաժեշտ Մերինեին», «Գնալու եմ» եւ այլն»:
Զրույցի ընթացքում պարզեցինք, որ մեր երեք զրուցակիցները նաեւ «Զիս» թատրոն-ստուդիայի հիմնադիրներն են: Նրանք տեղեկացրին, որ իրենց երկամյա մշակութային օջախի գերնպատակն է՝ մինչեւ թատերական ինստիտուտ ընդունվելը դիմորդներին որոշակի գիտելիքներ տալ թատրոնի մասին, անգամ ժամանակ առ ժամանակ հանդես գալ հանրապետության թատրոնների բեմերում: Նշելով, թե թատրոն-ստուդիայում ուսուցանվում է պարտադիր տասը առարկա՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում, մնջախաղ, վոկալ, պար, թատրոնի պատմություն, արվեստի պատմություն, համաշխարհային գրականություն եւ անգլերեն, հավաստիացրին, թե ուսանողների քանակը 10-ն է ու թեեւ ստուդիայում ուսանելը վճարովի է, իրենք աշխատում են, որ քանակի հաշվին որակը չտուժի:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930