Հովիկ Աբրահամյանն, ըստ երևույթին, հարկադրված է դասեր քաղել իր նախորդների փորձից, մանավանդ որ այդպիսի փորձ իսկապես կա։ Սերժ Սարգսյանը, հասկանալի է, ստիպված է եղել նրան վարչապետ նշանակել, իրեն մնար՝ ոչ միայն վարչապետ չէր նշանակի, այլեւ պատգամավորական մանդատն էլ ձեռքից կխլեր ու կաքսորեր հայրենի Արարատի մարզ՝ առանց մարզի սահմանները լքելու իրավունքի։
Բայց սա առաջին դեպքը չէ, Հայաստանում մի անգամ էլ է այսպիսի իրավիճակ եղել, երբ նախագահը հարկադրված է եղել վարչապետ նշանակել իր համար անցանկալի անձին։ Երեւի հասկացաք, որ խոսքն Արամ Սարգսյանի մասին է, ում Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ վարչապետ նշանակել հոկտեմբերի 27-ից հետո՝ «հայտնի ուժերի» ճնշման տակ։ Շատերի գնահատմամբ՝ Արամ Սարգսյանն այն ժամանակ սխալվեց։ Նա այդպես էլ չհասկացավ, որ «հայտնի ուժերն» իր թեկնածությունը պարտադրել են բոլորովին այլ նպատակով եւ իրենից բոլորովին այլ բան են ակնկալում, եւ իր «հիմնական գործը» թողած՝ սկսեց վարչապետ աշխատել։
Հետեւանքները շատ չուշացան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շունչ քաշելու ժամանակ ստացան, ամրապնդեցին դիրքերը, եւ ուղիղ վեց ամիս անց Արամ Սարգսյանը պաշտոնանկ արվեց ու գնաց հայրենի Արարատի մարզ։ Հիմա Հովիկ Աբրահամյանը ճիշտ նույն վիճակում է։ Եվ գործում է ճիշտ նույն սխալը՝ փորձում է վարչապետ աշխատել եւ զբաղվել բացառապես տնտեսությամբ։ Հետեւանքներն էլ, ամենայն հավանականությամբ, ճիշտ նույնը կլինեն։ Վեց ամիս հետո Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակում որեւէ փոփոխություն չի լինի, Սերժ Սարգսյանն այդ ընթացքում կհասցնի «վերադասավորել ուժերը» եւ մասամբ չեզոքացնել ոչ իշխանական ուժերից եկող վտանգը, եւ՝ ցտեսություն, Հովիկ Արգամիչ, Արարատի մարզը ողջունում է ձեզ։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում