Այսօր ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, ուր ասված է.
Եվրոոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին
Մեծարգո պարոն գլխավոր քարտուղար,
Հունիս ամսից Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը։ Մի երկիր, որը ԵԽ նախարարների կոմիտեի բարձր նախագահությունը ստանձնում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, մամուլի ազատության, լրագրողների հանդեպ քրեական հետապնդումների, «խավիարային ժողովրդավարություն» գնելու ծանր բեռով։
Հարգարժան գլխավոր քարտուղար, ես տեղյակ եմ, որ դուք մայիս ամսին, Ադրբեջանի նախագահությանն ընդառաջ, պատրաստվում եք այցելել այդ երկիր եւ վստահ եմ, որ բոլոր այն մտահոգությունները, որ կապված են ԵԽ անդամ Ադրբեջանի հետ, անպայմանորեն կքննարկվեն։ Սակայն, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեկ կարեւոր հարցի վրա եւս։ Լինելով ԵԽ անդամ երկիր, Ադրբեջանը ստանձնել է բազմաթիվ միջազգային պարտավորություններ, ստորագրել է Ժնեւյան կոնվենցիան, որը գերիների, ռազմագերիների հանդեպ հստակ վերաբերմունք է պահանջում։ Մինչդեռ, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերում հայ գերիների, ռազմագերիների հանդեպ։ Անցած տարվա օգոստոս ամսից Ադրբեջանում գերևարված է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով մոլորվելով տեղանքում՝ հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ։ Ադրբեջանը, խախտելով Ժնեւյան կոնվենցիան, հայ զինվորին հագցրել էր ադրբեջանական համազգեստ, Հակոբին պարտադրված հեռուստահարցազրույցներում ակնհայտ են հոգեբանական, եւ չեմ կարող բացառել նաեւ, ֆիզիկական բռնության հետքեր։ Մենք բարձր ենք գնահատում Կարմիր Խաչի ջանքերը, սակայն որպես ԵԽԽՎ պատգամավոր եւ որպես հայ մարդ, ես խնդրում եմ ձեր բարձր միջնորդությունը՝ Ադրբեջանի առաջին դեմքերի հետ հանդիպման ժամանակ, հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի խնդրի հետ կապված։ Ես վստահ եմ, որ ձեր բարձր միջնորդությունը կարող է հնարավոր դարձնել Հակոբի վերադարձը հայրենիք։ Սա նաեւ Հակոբ Ինջիղուլյանի հարազատների խնդրանքն է, որը ես սիրով փոխանցում եմ ձեզ։
Կարդացեք նաև
Հարգանքով՝
ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան