Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները զրո բյուջեով ֆիլմ են նկարում

Ապրիլ 16,2014 14:00

Մասնագիտությամբ դերասան Անդրանիկ Տոնոյանին հանրությունը գիտի «Ժամանակ» ֆիլմից: Նա եւ իր ընկերները «Ֆիլմ՝ զրո դրամով» յուրատեսակ նախաձեռնության անդամներն են: Ֆիլմը բարեգործական է, ստացված հասույթը նախատեսված է Խարբերդի մանկատան համար: Ֆիլմի ռեժիսորն Անդրանիկ Տոնոյանն է, պրոդյուսեր-օպերատորը՝ Կարեն Վարդանյանը, սցենարիստը՝ Աստղիկ Դերձյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Վահագն Rush-ը, գլխավոր դերերում են Նունե Ղարիբյանն ու Գարիկ Միքայելյանը: «Մեր ողջ ստեղծագործական խումբը համախմբվեց «Ժամանակ» ֆիլմի շուրջը: Նկարահանումների ժամանակ ընկերացանք, մտերմացանք ու դարձանք անբաժան ընկերներ, սակայն թվացյալ դյուրին ճանապարհին հանդիպեցինք բազմաթիվ խոչընդոտների, ինչպես նաեւ ամենասարսափելիին. դժբախտ պատահարի հետեւանքով կորցրեցինք մեր լավագույն ընկերոջը, դերասանին ու օպերատորին, ով կյանքով էր լեցուն, ում ներկայությունը զգում ենք մինչ օրս, նկարահանումների ժամանակ փնտրում ամեն անկյունում: Մեր նպատակը մեկն էր. ստեղծել ֆիլմ, որը կծառայի բարեգործական նպատակով: Ցավն անասելի էր, բայց Ջիվանի երազանքն ավելին էր: Երկար ճանապարհը սկսեցինք մեր ընկերոջ հիշատակին նվիրված «Դու մեզ հետ ես» խորագրով համերգային ծրագրով, որի հասույթը եւս պետք է փոխանցենք Նոր Խարբերդի մանկատան երեխաներին»,- մեզ հետ զրույցում պատմեց Անդրանիկը:

Ինչո՞ւ «Ժամանակ», մինչ այդ՝ այլ ֆիլմեր կամ նախագծեր իրականություն դարձրե՞լ են: «Ինքս մասնագիտությամբ դերասան եմ, քանիցս հանդես եմ եկել տարբեր թատերական ներկայացումներում, մասնակցել բարեգործական նախագծերի իրականացմանը: Ցավով եմ նշում, բայց այսօր Հայաստանում բարդ է մասնագիտությամբ աշխատանք գտնել, ըստ որի՝ փորձում եմ գործել իմ հնարավորության սահմաններում: Ֆիլմ նկարելը նախասիրություն էր, որը դարձավ ինձ համար կարեւոր գործ, ու ընկերներով համախմբվելով` փորձում ենք ստանալ արժեքավորը: Ֆիլմը մելոդրամա է` երկու ճակատագրերի մասին: Իսկ ինչո՞ւ «Ժամանակ», քանի որ ամեն ինչ ժամանակից է կախված, անգամ մարդու սրտի բաբախյունը: Երբ սկսեցինք ֆիլմի նկարահանումները, ամեն ինչ շատ պարզ էր թվում, բայց, ավա՜ղ… Ընթացքում հասկացանք ու ընդունեցինք մեր հայրենիքում գործող ու հիմք դարձած բառակապակցությունները՝ «սա իմ տունն է, իմ քարն է…», ակամայից հիշեցինք թումանյանական տողերը՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է…» ու հասկացանք, որ պետք է պատրաստ լինենք անսպասելիին, որի լուծումը եւս ժամանակի խնդիրն է»,- ասում է մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ֆիլմի զրո դրամանոց բյուջեին: «Այո, ֆիլմ՝ զրո դրամով, ֆիլմ՝ ընկերների աջակցությամբ: Շատերը մտածում են, թե դա ինքնանպատակ է եւ գովազդի տարբերակ, բայց ոչ, մենք ստեղծագործում ենք ու ապրում արվեստով: Թե ինչ կստացվի արդյունքում, կդատի հանդիսատեսը, բայց խորապես շնորհակալ ենք տիկին Մազմանյանին, լավագույն դերասան, ռեժիսոր Հայկ Սարգսյանին, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գեւորգյանին: Մենք սովորել ենք ապրել արվեստով, քանի որ այն մի դաշտ է, որտեղ պետք է հոգի ունենաս, որ կարողանաս մուտք գործել»,- նշեց Անդրանիկ Տոնոյանը: Նա հայտնեց, որ արդեն կայացել է իրենց ջանքերով իրականացրած «Դու մեզ հետ ես…» հեղինակային երգի երեկոն, իսկ շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն զրո բյուջեով «Ժամանակ» գեղարվեստական ֆիլմը:

ՎԱՐԴԻԹԵՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930