Մարտ ամսից սկսած` «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպությունը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ Վանաձորում իրականացնում է «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների ներգրավվածությանն ու նրանց դերի բարձրացմանը համայնքի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:
Ինչպես Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց ծրագրի ղեկավար, «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը, ծրագիրն ընթանում է երեք փուլով եւ ավարտվելու է մայիսի վերջին:
«Ծրագրում նախատեսված մի քանի փուլեր կան: Առաջին փուլը ուսուցողական դասընթացներն էին, որոնց թեմաներից մեկը, օրինակ, եղել է օրենսդրությունը, մասնավորապես, ՏԻՄ օրենսդրությունը: Մասնակիցները նաեւ գիտելիքներ են ստացել հաղորդակցման հմտությունների վերաբերյալ: Այդկերպ մենք փորձել ենք երիտասարդներին ապահովել իրավական գիտելիքներով ու բարձրացնել նրանց նախաձեռնողականության մակարդակը: Հաջորդ փուլը հանդիպում-քննարկումների փուլն է, որի ընթացքում երիտասարդներն իրենց ստացած գիտելիքները կկիրառեն ՏԻՄ ոլորտում: Նախատեսված է հանդիպել Վանաձորի համայնքային ակտիվ խմբի անդամների(ՀԱԽ), Վանաձորի համայնքի ղեկավարի եւ Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորի հետ»,-տեղեկացրեց Մենուա Բրուտյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ ծրագրի երրորդ փուլում երիտասարդները հանդես կգան նախաձեռնություններով:
«Այս ընթացքում մասնակիցները վեր են հանել համայնքում առկա առավել կարեւոր երեք հիմնախնդիր:Վեր հանված հիմնախնդիրներից են տրանսպորտային խնդիրը, համատիրությունների հետ կապված հարցերն ու աղբահանությունը: Նրանք կուսումնասիրեն վերոնշյալ խնդիրներն ու հանդես կգան համապատասխան նախաձեռնություններով»:
Ծրագրի մասնակից երիտասարդներն այսօր արդեն ճանաչողական բնույթի հանդիպում ունեցան Վանաձորի ՀԱԽ անդամների հետ, որի ընթացքում էլ ներկայացվեց ՀԱԽ գործունեությունն ու քննարկվեցին երիտասարդներին հետաքրքրող ու համայնքին առնչվող հարցեր:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ