Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սաղաթելյան. «Չեմ բացառում, որ կարող է լինել 180 աստիճանանոց շրջադարձ»

Ապրիլ 15,2014 22:07

«Ցավոք, երբ քաղաքական ուժերը այսպես ասած ձեռքերը լվանում են ժողովրդի հետ պայքարի պրոցեսներից, բնականաբար, կլինեն ընդամենը 20, 30, 50 հոգանոց խմբեր: Չի կարելի ակնկալել, որ տարիներ շարունակ ժողովրդին ապատիա սրսկող, այդ հիվանդությունը ներմուծող արշավախմբի կողմից այլ արդյունք կունենայինք, քանի որ դա է այսօր իրողությունը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին այսպիսի պատասխան տվեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը:

iLur.am-ի հետ զրույցում առաջին նախագահն ասել էր, որ «Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին»:

Ըստ Սուրեն Սաղաթելյանի, եթե իշխանությունն ուզում է, որ ժողովուրդն ունենա հզոր, ակտիվ քաղաքացիական սեկտոր՝ նա ունենում է. «Նույն հաջողությամբ, եթե իշխանությունը նպատակ է դնում, որպեսզի այդ սեկտորը լինի 20-30 հոգանոց, ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Այդ առումով մեզ մոտ երկրորդ դեպքն է, երբ քաղաքացիական սեկտորը ամբողջական էնտուզիազմի հաշվին է ապրում եւ գոյատեւում»:

Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում՝ անհնարին։ Այդ հայտարարության համար Լեւոն Տեր-Պետրոսյանին շատերը քննադատեցին: Առաջին նախագահի խոսքերով՝ «Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը»:

Սուրեն Սաղաթելյանի խոսքերով՝ «Քաղաքականությունը մի դաշտ է, որտեղ 180 աստիճանանոց շրջադարձեր բոլոր դեպքերում կարող են լինել: Որքան էլ հայ ժողովրդի մոտ կա անհաջողության փորձ, ոնց որ ուկրաինացիները 2004-ին ունեցան իրենց հաջողության փորձը, Վրաստանը 2003-ին ունեցավ, Հայաստանում հաջողության փորձը դեռ չենք ունեցել: Միգուցե դժվար է հավատալ, որ կարող է լինել 180 աստիճանանոց շրջադարձ, բայց ես բոլոր դեպքերում չեմ բացառում: Եթե լինի էլ այդպիսի շրջադարձ, դա կլինի քաղաքական կուսակցությունների իրավիճակի փոփոխության արդյունքում, այլ ոչ թե ժողովրդի լայն զանգվածների մասնակցության արդյունքում»:

 

Լուսանկարը` Սուրեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պատերազմի ուրվականն է շրջում …Մաթեմատիկան հաշվարկ է և ճշգրիտ հաշվարկ:Առուն չթռած սխալ է գոռալ`հոպ…Կենգուրուի ձագը պարկի մեջ չգիտի իրեն ում պաս կտա պարկատերը, իսկ գնդակը տիեզերական մտքի դաշտում է:Գոլ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930