Օրերս News.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, խոսելով Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի զրահապատ մեքենաներով երթևեկելու մասին, ասել էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ նրանց անձին վտանգ չի սպառնում: Ոստիկանապետը նաև նշել էր, որ պիտի հետաքրքրվի, թե ինչու են նրանք զրահապատ մեքենաներով երթևեկում:
«Եթե իրենք իրենց հանդեպ սպառնալիք են տեսնում կամ գիտեն դրա մասին եւ չեն հայտնում մեզ՝ պատկան մարմիններին, դա արդեն ճիշտ եւ նորմալ չէ: Ինձ իհարկե՝ թե որպես քաղաքացի, թե որպես ոստիկանապետ, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված զրահապատ մեքենա ունենալը, դրանք շատ թանկարժեք մեքենաներ են»,- News.am-ի հետ զրույցում նշել էր ոստիկանապետը:
Այսօր Aravot.am-ը գնդապետ Նադարյանից հետաքրքրվեց, թե կատարե՞լ է իր խոստումը, կանչե՞լ է իր մոտ քաղաքապետերին ու պարզե՞լ է, թե ինչո՞ւ են նրանք զրահապատ մեքենաներով երթևեկում: Ի պատասխան մեր հարցի, պարոն Նադարյանը փոխանցեց, որ ինքը նման խոստում չի տվել, խոսակցությունը այդպես չի ծավալվել, սակայն մեկ անգամ ևս հայտարարեց, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, չկա դրա անհրաժեշտությունը: «Ուղղակի նրանք լինելով գործարար մարդիկ և որոշակի նյութական հնարավորություններ ունենալով` կարող են իրենց թույլ տալ զրահապատ մեքենա ունենալ»,- ասաց ոստիկանապետը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Գյումրիում զրահապատ մեքենաներով երթևեկում են ոչ միայն Գյումրու նախկին ու ներկայիս քաղաքապետերը, այլ նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը, ըստ գյումրեցիների, վարում է ճիշտ այնպիսի զրահապատ մեքենա, ինչպիսին որ վերջերս ձեռք բերեց Գյումրու քաղաքապետ Բալասանյանը: Զրահապատ մեքենա ունի նաև Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը, որը վարում է BMW X 5 բավականին թանկ մեքենա: Հիշեցնենք նաև, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ BMW մեքենան, որից վարում է նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ղուկասյանին տրամադրվեց նրա դեմ կատարված անհաջող մահափորձից հետո, որը տեղի ունեցավ 7 տարի առաջ ու այդպես էլ չբացահայտվեց:
Կարդացեք նաև
Իսկ Սամվել Բալասանյանը իր 600.000 դոլարանոց «Լեքսուսը» ձեռք բերեց այն բանից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին հայտնվեց նրա տան մոտ, ու ըստ հարուցված քրեական գործի, խուլիգանություն կատարեց:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վարդանիկը ապօրինի գազալցակայան ունի “Հանթսման” հաղամասի ետնամասում։ Բոլորը գիտեն դրա մասին, բայց հարցը չի լուծվում արդեն մի տարի է։ Եթե պարոն ոստիկանապետը քանդել տա այդ ապօրինի օբյեկտը նոր կհավատանք իրա խոսքերին, թե չե հիմա միայն քամի է անում․․․