Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Վարչապետ նշանակեց մեկին, որին վստահում է քրեաօլիգարխիկ համակարգը»

Ապրիլ 15,2014 20:31

 

«Հովիկ Աբրահամյանը, ինչպես եւ Սերժ Սարգսյանը, կամ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդունելի էին բոլորի համար, եւ այդ բոլորն, ըստ երեւույթին քրեաօլիգարխիկ համակարգն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, պատասխանելով մեր այն հարցին, արդյոք ամենաընդունելի թեկնածուն Հովիկ Աբրահամյանն էր, եւ Հայաստանում այլ թեկնածու չկա՞ր:

Պարոն Դանիելյանի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանը այդ քրեաօլիգարխիկ համակարգի մոտ կորցրել էր իր վստահությունը, որը կապված էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքականությամբ, եւ որպեսզի իրավիճակը նորից դարձներ վերահսկելի, ՀՀ նախագահը վարչապետ նշանակեց այն մարդուն, որը վստահություն է վայելում այդ համակարգի մոտ:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ կարծիքներ կային, թե Տիգրան Սարգսյանը փորձում էր պայքարել օլիգարխիայի դեմ, արդյոք նրա պաշտոնանկությունը կապ ուներ դրա հետ, պարոն Դանիելյանն ասաց. «Այո, կապ ուներ, իմ կարծիքով Սերժ Սարգսյանն, ի դեմս  նրա քաղաքականությունը իրականացնող Տիգրան Սարգսյանի, փորձում էր նեղացնել քրեաօլիգարխիկ համակարգի լիազորությունները եւ նրանք մի նեղ ընտանիքի վերահսկողության տակ դնել: Այսինքն` պայքարը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ էր, եւ նպատակն էր այս երկրի ռեսուրսները մի ընտանիքի շրջանակում տեղավորել, խոսքը Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին է: Սրա հետեւանքով այս համակարգն, որը այս տեսքով ինչպիսին կա, ձեւավորվել էր 2008 թվականից հետո կոալիցիայի տեսքով, ինքը այդ պայմանավորվածությունը սկսեց խախտել, համակարգը վերահսկողությունից սկսեց դուրս գալ: Հաշվի առնենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն արդեն չէր սպասարկում այդ համակարգի շահերը, ուստի Սերժ Սարգսյանը փորձեց վերադառնալ 2008-ի պայմանավորվածություններին եւ վարչապետ նշանակեց այն մարդուն, որն ընտրությունների ժամանակ եղել է շտաբի պետն ու համակարգի կնքահայրը, որովհետեւ այդ համակարգը ձեւավորվում է ընտրությունների ժամանակ եւ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվում շտաբի պետի հետ»:

Մեր այն հարցին էլ որոշ վերլուծաբաններ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապում են նաեւ տնտեսական գործոնով, այսինքն` տնտեսության զարգացման առումով, ըստ վերլուծաբանների, նախկին վարչապետը ձախողել էր, որը նաեւ Սերժ Սարգսյանն է հաշվի առել, ուստիեւ լքեց պաշտոնը, քաղաքագետն ասաց. «Իմ կարծիքով Տիգրան Սարգսյանի տնտեսական անհաջողությունները պայմանավորված են գերմոնոպոլիզացիայով, երբ ամբողջ երկրի ռեսուրսը կենտրոնացված է Սերժ Սարգսյանի եւ իր մերձավորների ձեռքին, ապա մրցակցությունը վերանում է տնտեսական դաշտում, 2-րդ` խաղի կանոնների վերացում, որի հետեւանքով ներդրումները հասանելի էին մի ուժի, 3-րդ` բարոյահոգեբանական վիճակը հասարակության մեջ: Երբ կա անվստահություն իշխանությունների հանդեպ, որի հետեւանքով նաեւ արտագաղթն է աճում, իսկ արտագաղթի առաջին պատճառը հոգեբանականն է, հետո` տնտեսականը, բնականաբար սրանք իրենց դերը կատարեցին, որ հասանք այն վիճակին, որն այսօր կա: Բացարձակապես վերահսկողություն չկա բյուջեի վրա, կառավարության քայլերն անհասկանալի են հասարակության համար եւ ուղղված էին բիզնես միջավայրի դեմ, բիզնես միջավայրում կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, բայց կան նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի շատ ներկայացուցիչներ, սա այն դեպքն էր որ այս կառավարությունը ոչ ոքի ձեռնտու չէր»:

Ինչ վերաբերում որոշ քաղաքական ուժերի կոալիցիա մտնել-չմտնելուն,եւ  ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, ապա քաղաքագետը «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա մտնելն անտրամաբանական համարեց, քանի որ իրենք ամբողջական իշխանություն են ուզում, իսկ «Օրինաց երկրի»` կոալիցիայից դուրս գալը կամ մուտքն ոչ էական երեւույթ համարեց. «ՀՅԴ-ն, ինձ թվում է, կփորձի գոնե կարճ ժամանակով օգտվել կառավարության անդամ լինել`  իրենց անձնական խնդիրները լուծելու համար»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930