Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ամեն անգամ ասել՝ կներեք, չստացվեց, մի քիչ կոռեկտ չի»

Ապրիլ 15,2014 20:08

«Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին»,- օրերս iLur.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք էր հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում՝ անհնարին։ Այդ հայտարարության համար Լեւոն Տեր-Պետրոսյանին շատերը քննադատեցին: Առաջին նախագահի խոսքերով՝ «Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հասարակական ակտիվիստ, պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը ծրագիր պահանջող ՀԱԿ առաջնորդին հակադարձեց. «3.5 տարի ծրագիր եղել է: Հայաստանն այդ ճանապարհով է գնացել: Եվ եթե հիմա արդեն կա Մաքսային միություն եւ քառյակի պայքար, չգիտեմ ինչերի պայքար, դա նաեւ նույն  Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումն է: Ամեն անգամ ասել՝ կներեք, չեղավ, չստացվեց՝ պիտի համակերպվել այս իրականության հետ՝ մի քիչ կոռեկտ չի: Եթե համակերպվենք այս իրավիճակին, եւ թողնենք այնպես, ինչպես կա, ես դա ընդունելի չեմ համարում: Եթե ինքը գտնում է, որ դա անշրջելի փաստ է եւ անշրջելի իրականություն, ուրեմն միգուցե ինքը կողմնակից է  Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ նման հարաբերություններին»:

Ինչ վերաբերում է Հայաստանում արեւմտամետ կոչվող ուժերի գոյությանը, ըստ Հայկակ Արշամյանի, այստեղ ժողովրդավարական արժեքներով ապրելու կամ չապրելու հարցն է ուղղակի. «Ես կարծում եմ, որ Հայաստանում բավական շատ մարդիկ կան նույնիսկ իշխանությունների մեջ, ովքեր գտնում են, որ ժողովրդավարական արժեքները բարձր արժեքներ են, այսինքն՝ ավտորիտար ռեժիմը եւ մարդու իրավունքների ոտնահարումը շատ վատ բան է: Եթե տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց, դա չի նշանակում, որ Հայաստանում չկան մարդիկ, ովքեր հետեւում են ժողովրդավարական արժեքներին: Այս գնահատականը այնքան էլ ճիշտ չէ»:

Հայկակ Արշամյանը վստահ է, որ անշրջելի չէ ՄՄ անդամակցությունը, ինչպես հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ինչ վերաբերում է անշրջելիությանը՝ շատ կոպիտ օրինակ բերեմ՝ նույն հաջողությամբ կարող է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա եւ Արցախը մեկ շաբաթում զիջեն Ադրբեջանին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ դա անշրջելի փաստ է, եկեք համակերպվենք այդ իրականության հետ: Նման համեմատություն անելը առաջին նախագահին մի քիչ հարիր չէ: Եթե ինքը կողմնակից է հայ-ռուսական այդ հարաբերություններին, թող ինքը հստակ ասի, որ կողմնակից է դրան, այդ ժամանակ շատ-շատ մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն: Իսկ ինքը ընդամենը փաստն է արձանագրում եւ հետո ասում՝ եկեք հերքեք իմ ասածը: Դա քննարկման թեմա չէ այս պարագայում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Կարելի է միայն ենթադրել , որ Հայաստանի «անկախության» շարժման հեց սկզբում, երբ Ղարաբաղյան շարժման կոմիտեն Տեր Պետրոսյանի գլխավորությամբ, դեռ Մոսկվայում «մատրոսկայա տիշինայում» նստած ժամանակամիջոցում, ԿԳԲ ի կողմից հատուկ մշակման են ենթարկվել Ռուսական Իմպերիային կամ ՄՄ ին անդամագրվելու, եվ Մեծ Սովետական իմպերիային երբեք չդավաճանելու երդում են կերել…նրանց ամբողջ անցած քաղաքական ճանապարհը դրա փայլուն վկայությունն է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930