Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ապրիլի 15-ին մեկնարկել է զինծառայող, Վայքի բնակիչ, 1993թ. ծնված Արամ Զաքարյանի դատավարությունը: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 2013թ. հոկտեմբերի 9-ին իրեն ամրակցված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան վարելով Բաղրամյան ուսումնական կենտրոնից դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, ժամը 20.45-ի սահմաններում , Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի եւ ՃԵԿ 65-րդ եւ 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, կորցրել է ավտոմեքենայի կառավարելիությունը: Մեքենան կողաշրջվել է ձախ կողմի վրա, վթարի ենթարկվել, որի հետեւանքով մեքենայի թափքի մեջ գտնվող զինծառայողներ, շարքային Հայկ Վարդանյանը ստացել է առողջության միջին ծանրության վնաս, շարքային Ստեփան Ավետիսյանը՝ առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:
Վթարի հետեւանքով ավտոմեքենան եւ դրա թափքում գտնվող զենք-զինամթերքը, ռազմական եւ այլ գույքն ամբողջությամբ այրվել են, որի հետեւանքով զորամասին պատճառվել է 11 միլիոն 425 հազար 923 դրամի նյութական վնաս: Ա. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 1-ին մասով(«Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ