Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Բալաք գյուղում գյուղտեխնիկայի բացակայության հետեւանքով շատ հողատարածքներ անմշակ են մնում

Ապրիլ 15,2014 17:36

Սիսիանի տարածաշրջանի 236 տնտեսություն ունեցող լեռնային Բալաք գյուղում գրեթե բոլորը հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: Հաճար, գարի, ցորեն են ցանում, ինչպես բնակիչներն են ասում՝ եթե տեխնիկա հաջողվում է գտնել: Այստեղ 1000 հա հողատարածքից մշակվում է միայն 200 հեկտարը: Պատճառը, ըստ գյուղացիների, գյուղտեխնիկայի բացակայությունն է: Իսկ վար ու ցանքս անելու համար բալաքցիները հիմնականում տեխնիկա վարձակալում են հարեւան գյուղերից: «Շատ ժամանակ հարեւան գյուղերից հրաժարվում են ժամանակին գալ վար անել, ասում են, երբ մեր գյուղի գործը վերջացնենք` էդ ժամանակ կգանք, բայց այդ դեպքում էլ մեր գործն է ուշանում: Բացի դա, արդեն թանկ գներով են աշխատում: Մեկ վարը՝ 1 հա, եթե առաջ 10 հազար դրամով էին վար անում, հիմա դարձրել են 15 հազար դրամ: Գյուղտեխնիկայի հարցով բազմիցս ենք տաբեր ատյանների դիմել, նույնիսկ գյուղնախարարությանն ենք տեղյակ պահել, բայց ոչ մի արդյունք չկա», -ասում են գյուղացիները:

Բալաքի գյուղապետ Սասուն Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ գյուղում այս պահին միայն 1988թ.-ից մնացած մեկ կոմբայն է գործում, բայց այն էլ շատ հնամաշ է, իսկ համայնքը նոր տեխնիկա ձեռքբերելու հնարավորություն չունի այս պահին:

«Մենք նախկինում գյուղտեխնիկայի հիմնարկություն ունեինք գյուղում, որը պատկանել է գյուղնախարարությանը, բայց 1994-96 թվականներից հիմնարկը լուծարվել է ու տնտեսական դատարանով սնանկ է ճանաչվել: Հիմնարկը պարտքեր է ունեցել, դրա դիմաց տեխնիկան ծախվել է ուրիշ գյուղերին: Էսօր մենակ ես տեխնիկա ունեմ, ցանքսը, խոտ կապելը ես եմ անում, եթե դա էլ չանեմ՝ գյուղի գործը կձախողվի: Բալաքցիները մեծ մասամբ հարեւան գյուղերից են գնում խնդրում, վճարում, որ գյուղտեխնիկա բերեն էստեղ աշխատացնեն», -ասաց գյուղապետը: Բալաքում գյուղտեխնիկայի բացակայությունից զատ՝ գյուղացիներին մտահոգում է մսի իրացման խնդիրը: Միսը գնորդները շատ էժան գներով են ցանկանում գնել՝ ինչը գյուղացիներին ձեռնտու չէ: Բնակիչները նշում են, որ նախկինում 1 կգ միսը 2000 դրամով էին վաճառում, իսկ այժմ գնորդները 1500-1600 դրամից ավելի չեն ցանկանում վճարել:

«Գյուղում մսի իրացումը շատ դժվար է, մարդ կա 200 գլուխ ոչխար ունի՝ չի կարում իրացնի միսը, առնող չկա, գալիս են էժան գներով են ուզում առնել՝ չեն տալիս, գյուղացու չարչարանքի համեմատ շատ էժան են ասում: Նույնն էլ խոշոր անասունների մսի իրացմանն է վերաբերում:

Պանիրը ինչ-որ չափով հաջողվում է վաճառել, գյուղից գալիս են 1200-1300 դրամով տանում, բայց կաթը չի վաճառվում՝ հավաքող չկա…», – ավելացնում են Բալաքի բնակիչները:

Գյուղում շատ քիչ երիտասարդներ են մնացել, թողել-հեռացել են գյուղից, իսկ մյուսներն անկախ դժվարին պայմաններից, շարունակում են ապրել Բալաքում՝ դժգոհելով իրենց բաժին ընկած դժվարություններից ու անօգնական վիճակից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930