Ի՞նչ են կարծում ակտիվիստները նորընտիր վարչապետի մասին, որո՞նք են նախկին վարչապետի բացթողումները, առաջնային խնդիրները, որ պետք է լուծի նոր կառավարությունը:
«Դեմ եմ»-ի, տրանսպորտի գնի թանկացման դեմ և Մաքսային միության դեմ կազմակերպված մի շարք ակցիաների մասնակցած ակտիվիստ, նախկինում ՀԱԿ-ի անդամ Սիփան Փաշինյանն ասում է. «Նորընտիր վարչապետի մասին կարծիք չունեմ, որովհետև անգամ իր պաշտոնական կենսագրությունում չի ներկայացվում, թե ինչով է նա զբաղվել 1958-1990 թվականներին (32 տարի): Իսկ 90 թվից մինչեւ 2014 թվականը որեւէ կերպ աչքի չի ընկել մտավոր արդյունավետ գործունեությամբ (եւ ոչ միայն): Նրա միակ «դրական» ձեռքբերումն է եղել օլիգարխի կարգավիճակում հայտնվելը: Իմ կարծիքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բացթողումները նրա պաշտոնավարման տարիներն էին: Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը»:
Սիփան Փաշինյանի համոզմամբ` ներկայիս առաջնահերթ խնդիրներից է` օլիգարխիայի եւ մոնոպոլիաների վերացումը, ինչը, սակայն հնարավոր չէ, քանի որ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը` «ինքը ոտքից գլուխ ընկղմված է մոնոպոլիայի եւ օլիգարխիայի մեջ: «Կարծում եմ` կարիք չկա նշել մնացած առաջնահերթ խնդիրները, քանի որ պարզ է` Հովիկ Աբրահամյանը չի սղոցի այն ճյուղը, որի վրա նստած է նաեւ ինքը», նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ