Նախկին կառավարության ձախողումներից է համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդնումը: Մասնավորապես հասարակական դժգոհության լուրջ ալիք բարձրացավ կուտակային բաղադրիչի ներդրման հետ կապված; Արդյոք նոր ձևավորվող կառավարությունը կվերանայի՞ օրենքի այս դրույթը, ի՞նչ ակնկալիքներ կան:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք պարտադիր բաղադրիչը կվերանայվի՞, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Ո՞նց պիտի անցկացնեն, եթե Սահմանադրական դատարանն ասել է, թե հակասահմանադրական է: Կոնկրետ պարտադիր բաղադրիչը էլ չեն կարող մտցնել: Մի բան է, երբ հավասարաչափ վնաս ես տալիս բոլոր քաղաքացիներին, մեկ այլ բան, երբ դու ամեն մարդու գրպանն ես մտնում, այդ դեպքում մարդիկ չեն կարող չարձագանքել»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ կուտակայինի խնդիրը ծրագրային հարց չէ:
Կուտակային պարտադիր բաղադրիչի և ընդհանրապես նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տնտեսական քաղաքականության հարցում իրավասությունների մասին մտահոգություններ ունի ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Այս առիթով նա ասաց. «Ասում են` կադրերի հարցում ազատ եք, բայց հարկային, մաքսային փոփոխություններին ձեռք չտաք, կուտակայինին ձեռք չտաք: Այստեղից տպավորություն է ստացվում, որ տնտեսական բլոկը նույնությամբ պիտի շարունակվի, իսկ վարչապետի իրավասությունները լինելու են քաղաքական, հասարակական դաշտը հանդարտեցնելը: Այնպիսի տպավորություն է, որ ունենք երկու վարչապետ. մեկը հինն է, շարունակելու է տնտեսական քաղաքականությունը, մյուսը` հաշտեցնելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ