Շիրակի մարզի դատախազ Ր.Ասլանյանը դիմել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ս.Սիմոնյանին:
Ոստիկանություն է ուղարկվել Aravot.am-ի ապրիլի 2-ի հրապարակումը՝ «Ջահել ոստիկանը ուղեւորների ներկայությամբ խփե՞լ է տարեց վարորդին», եւ տեսագրության լազերային սկավառակը:
Տեսանյութում պատմվում է Գյումրու թիվ 22 երթուղու միկրոավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելուն:
Դատախազը հանձնարարել է հաշվառել դեպքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180, 181 հոդվածի համաձայն նախապատրաստել նյութեր, արդյունքների մասին տեղեկացնել իրեն:
Ի դեպ, սա արդեն երկրորդ արձագանքն է Շիրակի մարզի դատախազի կողմից մեր կայքի հրապարակմանը:
Դատախազը ապրիլի 28-ին էլ դիմել էր ոստիկանության Կումայրիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Ղարիբյանին՝ Aravot.am-ի մարտի 28-ի «Գյումրու քաղաքապետի բողոքը ոստիկանապետին. Ոնց կարող է սեփական խանութ լինել փողոցի ուղիղ կենտրոնում» հրապարակման համար:
Առայժմ նյութեր են նախապատրաստվում. տեսնենք քրեական գործ կհարուցվի՞:
Ռ.Մ.