«Չեմ կարծում, որ քառյակը ճաք է տվել»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք վտանգված չէ՞ ոչ իշխանական «հրաշալի» քառյակի հետագա ճակատագիրը, քանի որ քննարկվում է ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու հարցը, ինչը նշանակում է, որ քառյակը «ճաք» է տալիս, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա հորդորեց օգտագործել «ավելի բնորոշիչ ու սիրուն բառեր»: Այնուհետև նշեց, թե կապրենք, կտեսնենք` ինչ է նշանակում ճաք ու մանրամասնեց. «Երևույթները մեկը մյուսից առաջ եք դնում: Մյուս կողմից էլ՝ ժողովրդին քառյակը չի տանում, այլ ժողովուրդն ընտրել է քառյակին՝ իր ձայնը բարձրացնելու համար: Ժողովուրդը պատգամել էր քառյակին ասելու, թե պահանջում ենք կառավարության հրաժարականը: Եթե չհավատային, ժողովուրդն ինքը դա կասեր ամսի 28-ին: Մյուս կողմից էլ, եթե քառյակը չլինի, կլինի եռյակ, երկյակ, ժողովրդի ձայնն առաջ տանող»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, քառյակի անդամ ուժերի կողից «խաղեր տրվել են» ու նկատում. «Չգիտեմ, քառյակը ճաք է տվել, թե գաջել են, այդ թող իրենք որոշեն, մեր խնդիրը դա չէ: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, որ խաղեր չտան, այնինչ խաղեր տրվեցին: Հիմա կոալիցիա կմտնեն, թե` ոչ, չգիտեմ, բայց որ խաղեր տրվել են՝ դա փաստ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ