«Խոսել 23-ամյա կազմակերպության մասին, եւ զգացմունքային չլինել, չեմ կարող»,-ասում է Հայաստանի առաջին Պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Օքսֆամի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության միջեւ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի:
Համագործակցությունը նպատակ ուներ նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, գյուղերում, համայնքներում խոցելի խմբերի աջակցությանն ու իրավաբանական աջակցությանը:
Կարդացեք նաև
Հայաստանի առաջին Պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության հիմնադիր Լարիսա Ալավերդյանն ասաց, որ քաղաքացիական հասարակության ձեւավորումը սկսվել է ոչ թե մի քանի տարի առաջ, ինչպես երբեմն ներկայացվում է, այլ ընդհատակյա կազմակերպությունների, դիսիդենտական դրսեւորումներով:
Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախկին նախագահ Նոռա Հակոբյանի խոսքերը մեջբերելով՝ Լ.Ալավերդյանն ասաց. հասարակական կազմակերպությունները ժամանակին Օպերայի շուրջն էին աշխատում:
Լ.Ալավերդյանն իրենց համագործակցության մասին խոսելով, ասաց, որ Օքսֆամի հզոր ներդրումները քիչ կլինեին, եթե կամավորների ոգեւորությունը չլիներ:
Ըստ այս համագործակցության, կազմակերպությունը Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ստեղծել է 5 քաղաքացիական կենտրոններ: Դրանք միջանկյալ օղակներ են տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղաբնակների միջեւ:
Մեղրու, Կապանի, Եղեգնաձորի, Սիսիանի եւ Վայքի քաղաքացիական կենտրոնների ներկայացուցիչները, իրավաբաններն ամփոփեցին իրենց կատարած աշխատանքները:
«Ընդդեմ իրավական կամայականության» իրավաբան Քրիստինե Գրիգորյանը
ասաց, որ քաղաքացիական կենտրոններն առաջին կառույցներն են Հայաստանում, որոնք անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս սոցիալապես անպաշտպան, անապահով բնակչությանը:
Կենտրոնների իրավաբանները մատուցում են խորհրդատվություն, դիմումեր են պատրասում, միջնորդություններ, հայցեր են ներկայացնում դատարաններ, ապահովում իրենց ներկայացուցչությունը դատարաններում:
Կենտրոններն, ըստ այսօրվա ամփոփիչ զեկույցի, սպասարկել են ավելի քան 20 000 բնակչի:
Եթե դիմենք ներկայացված վիճակագրությանը, ապա պատկերն այսպիսին էր. Եղեգնաձորում գործում է 1 մոնիտորինգային խումբ, 7 երիտասարդական ակումբներ, 96 կամավորներ, Վայքում՝ 2 կանանց խմբեր, 7 երիտասարդական ակումբներ, 84 կամավորներ, Մեղրիում՝ 3 ակտիվ խմբեր, 26 կամավորներ, Սիսիանում՝ 3 կանանց խմբեր, 3 երիտասարդական ակումբներ, 18 կամավորեր, Կապանւմ՝ 2 կանանց խումբ, 2 երիտասարդական ակումբ, 20 կամավորեր:
Լարիսա Ալավերդյանն ասաց, թե կազմակերպությանը օժանդակում են այն ծրագրերի համար, որոնք իրենք են առաջարկում:
Համայնքների կամավորները իրենց ամփոփիչ ելույթները ներկայացնում էին զուգահեռ ֆիլմերի ցուցադրմամբ:
«Անի Պլազա» հյուրանոցում կներկայացվեն լավագույն բլոգն ու լուսանկարների մրցույթի հաղթողները, կցուցադրվի «Ակտիվ քաղաքացիության պատկերասրահի» երիտասարդ կամավորների աշխատանքները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ