– Դուք Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետներից մեկն եք, եթե չասենք` ամենաերկարակյացը…
– Ամենաերկարակյացը Ղուլարյան Արմենն է, ես երկրորդն եմ (ծիծաղում է):
– Ձեր պաշտոնանկության թեման միշտ շրջանառվել է, հիմա, երբ երկրի առաջին դեմքը կառավարությունում էական փոփոխություններ խոստացավ, այդ հարցը Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Անկեղծ ասեմ` այդ մասին չեմ էլ մտածում: Որոշողն էլ ես չեմ: Այս տարիների ընթացքում ես կարողացել եմ իմ պարտականություններն իրականացնել ամբողջ ծավալով, հանրապետության ղեկավարները պիտի որոշեն` իմ մնալը հետագա աշխատանքում նպատակահարմար են գտնում, թե` ոչ: Ես այդ հարցին չեմ կարող «այո» կամ «ոչ» պատասխանել: Կառավարությունը կձեւավորվի, հետո կգա մարզպետների հերթը. եթե գտնեն, որ ես ի զորու եմ շարունակել իմ հետագա աշխատանքը` կմնամ, չէ` կգնամ: Դրա մեջ դժբախտություն պետք չի որոնել:
Կարդացեք նաև
–Այդպես թեթեւ ե՞ք այդ հարցին նայում:
– Պատկերացրեք, այս տարիների ընթացքում ինքս ինձ նախապատրաստել եմ ու այնպես չի, որ այդ պաշտոնը ես ժառանգություն եմ ստացել: Բայց աշխատում եմ նվիրումով, աշխատում եմ իմ պարտականությունները կատարել ամբողջ ծավալով եւ իմ պաշտոնավարման 13-ից էլ ավելի տարիները դրա վառ վկայությունն են:
– Բայց Ձեր աշխատանքից նաեւ դժգոհ են մնացել, թերեւս ամենակարեւորները` հասարակությունը:
– Գիտեք, հասարակության պահանջներն ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները: Բնականաբար, կլինի մի մասսա, որը դժգոհ կլինի: Ես բացառություն չեմ: Չի կարող պետական պաշտոնյա լինել, որից որեւէ մեկը չդժգոհի, այն էլ երբ մարդկանց մի մասն աշխատանք չունի, եկամուտը չի բավարարում եւ այլն:
– Իսկ նորանշանակ վարչապետի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
– Նորանշանակ վարչապետի հետ ես երկար տարիներ աշխատել եմ. պարոն Աբրահամյանը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ էր, ես` մարզպետ: Շատ նորմալ, աշխատանքային եւ ընկերական հարաբերությունների մեջ ենք: Ես գնահատում եմ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը: Իր կենսագրությունը ցույց է տալիս, որ նա բազմափորձ անձնավորություն, պետական եւ քաղաքական գործիչ է: Կարծում եմ, Հովիկ Աբրահամյանն ամբողջովին համապատասխանում էր եւ հանրապետության նախագահը ճիշտ որոշում կայացրեց` իրեն վարչապետ նշանակելով: Իր փորձն ու ունակությունները, կարծում եմ, կնպաստեն մեր երկրում իրադրություն փոխելու:
Եվ ասեմ, պարոն Աբրահամյանը բացառիկ մենաշնորհ ունի` մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելու. լսելու ունակություն ունի, մարդկանց օգնելու մեծ ցանկությունով է օժտված:
–Նախագահը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց` ասելով, որ վարչապետին ազատ եւ ինքնուրույն գործելու հնարավորություն է տրված, որ կաշառակերությունն ու գանձագողությունն այլեւս արգելվում են: Դուք ի՞նչ դաս քաղեցիք դրանից:
– Մինչեւ այդ էլ մեր երկրի ղեկավարն այդ պահանջները մեր առջեւ դրել էր, հիմա` առավել եւս հստակեցրեց: Չեմ էլ կարծում, որ այդ հայտարարությունից հետո որեւէ մեկն իրեն թույլ տա` մտնել պետական բյուջեի գրպանը:
–Իսկ մինչ այդ բյուջեի գրպանը մտնողներն, ըստ Ձեզ, շատ էի՞ն:
– Դեպքեր եղել են: Մամուլից, հարուցված գործերից բոլորն են տեղյակ:
– Նախագահի հայտարարությունը Ձեզ զգաստացրե՞ց:
-Ես միշտ էլ զգաստ եմ եղել: Բայց, իհարկե, այս պարագայում ավելի զգաստացրեց:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ