Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Ընդդիմադիր ուժերը ավելի շատ առաջնորդվում են ԲՀԿ-ի տրամադրություններով» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2014 15:44

«Մեկ շաբաթից պարզ կդառնա, թե ինչ կլինի»,- խոսելով ոչ իշխանական քառյակի գոյության եւ գործունեության մասին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հոկոբյանը: Նա նկատեց, որ ՀՅԴ-ն արդեն կարծես թե ցանկություն է հայտնում կոալիցիա կազմելու, քառյակի վերջին հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ես կարծում եմ, որ քառյակը կարող է եռյակ դառնալ»,- ասում է նա:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ մամուլում հայտնված Սերժ Սարգսյան- Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին նորությունը իրական է, եւ եթե եղել է նման բան, ապա ինչ-որ պայմանավորվածություն ամեն դեպքում կա, չնայած նրան, որ ԲՀԿ-ն անընդհատ պնդում է, որ կառավարության կազմավորմանը չի մասնակցելու.

Պարոն Հակոբյանը նաեւ չի բացառում, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն միանան եւ դառնան ինչ-որ «տիտուլային ընդդիմություն»: «ԲՀԿ-ն շատ հարմար ընդդիմություն է»,- ասում է նա:

Մեր դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ի դեմս ՀԱԿ-ի,  Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ   բացասական կարծիք չեն հնչեցնում: Պարոն Հակոբյանն այդ մասին ասաց.

«Այս ամենը ԲՀԿ-ի սրտով էր, քիչ թե շատ: Նոր այս ընդդիմադիր ֆորմատներում, քառյակ կլինի, թե եռյակ կլինի, քաղաքական ուժը, դա ԲՀԿ-ն է: Մյուս ընդդիմադիր ուժերը ավելի շատ առաջնորդվում են ԲՀԿ-ի  տրամադրություններով, ԲՀԿ-ի շահերով, առայժմ: Դոմինանտը ԲՀԿ-ն է, բայց գաղափարախոսությունը ՀԱԿ-ն է տալիս: Այնտեղ համոզմունք ունեն, որ եթե երկար այսպես շարունակվի, իրենք կարող են բեկորներ պոկել:

Իրենց գոնե թվում է, որ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, իրենք կարող են իշխանական, ստվերային լծակների տիրապետեն»:

Հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը կկարողանա՞ լուծել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ առաջացած խնդիրները, պարոն Հակոբյանը պատասխանեց, թե Հովիկ Աբրահամյանը, որպես ճկուն քաղաքական գործիչ, կփորձի մի լուծում գտնել՝ իրավիճակը մեղմացնելու համար: «Կարծում եմ՝ փորձելու է լուծում գտնել, վերափոխվել ինչ-որ հարկատեսակի, շատ բան կախված է «Դեմ եմ»-ի շարժումից,- ասում է նա,- կարող է պայմանները մեղմացվեն: Անհնար է, որ չլինի, որովհետեւ ի տարբերություն շատ մնացած շարժումների կամ քաղաքական ուժերի, այս շարժումն օր օրի կայանում է եւ կարծում եմ՝ կվերածվի քաղաքականի»:

Մեր հարցին, թե ԱԺ նախագահը հանրապետական կլինի՞, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունից կլինի: Վիճակահանությամբ չզբաղվենք, բայց կարող է Կարեն Կարապետյանը լինի կամ Գալուստ Սահակյանը: Շատ յուրահատուկ կոնտինգենտ է հավաքված Ազգային ժողովում, նրանց կառավարելը հեշտ չէ: Պետք է շատ յուրային լինի: Այդ կոնտինգենտի պարագայում, դուք ո՞նց եք պատկերացնում, որ ոչ հանրապետական չլինի, այլ, ասենք՝ ՄԻԱԿ»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930