Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր լսել է լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 21.01.2014թ. N 2-63 դիմումի վերաբերյալ պարզաբանումներ:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գազային համաձայնագրերի վավերացմանը օրը Ազգային ժողովի նիստերի դահլիճում վերոնշյալ լրագրողների՝ ցուցապաստառներով լուռ ակցիայի ժամանակ նրանց հասցեին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) թույլ տված վիրավորական արտահայտությանը: Լրագրողները էթիկայի հանձնաժողովից պահանջում են գնահատական տալ պատգամավորի վարքագծին՝ նշելով, որ Ա. Մովսիսյանը խախտել է պատգամավորի վարքագծի կանոնները: Նկատենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 6.1 հոդվածի 2 կետ՝ պատգամավորի էթիկայի կանոնների մեջ, ի թիվս այլոց, կան հետեւյալ կետերը. «… բ)հարգել հանրության բարոյական նորմերը, զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»:
Օրենքի պահանջին համապատասխան՝ նիստը դռնփակ էր:
Նիստի ավարտից հետո մեր գործընկերները՝ Հակոբ Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը եւ Գրիշա Բալասանյանը (Աննա Եղիազարյանը նիստին չէր մասնակցում, քանի որ հետծննդյան արձակուրդի մեջ է) ասացին, որ չեն կարող մանրամասնել, թե ինչ է եղել ներսում, քանի որ նիստը դռնփակ էր:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիստից մանրամասներ չհաղորդեց նաեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, նա միայն ասաց, որ իրենք լսեցին լրագրողներին, մոտ օրերս կլսեն նաեւ Առաքել Մովսիսյանին եւ ամբողջական որոշում կկայացնեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ