ՄՅՈւ-ի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող, ֆուտբոլային փորձագետ Անդրեյ Կանչելսկիսը ИТАР-ТАСС-ի հետ հեռախոսազրույցում համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ի զորու է տեղ գրավել ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում եւ բարձրակարգ ֆուտբոլ խաղալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները Ռուսաստանի պրեմյեր լիգայի` «Ուրալի» (0:1) եւ «Կռիլյա Սովետովի» (1:0) հետ հանդիպումներում տրիբունայից հետեւում էին Օզբիլիսի խաղին: Ու թեեւ ֆուտբոլիստը, որ երկրորդ հանդիպումում շատ անհաջող խաղաց եւ մտածում է, թե անգլիական ակումբին ինքն այլեւս դժվար թե հետաքրքրի, Կանչելսկիսն այլ կարծիք ունի: «Կարծում եմ, որ Օզբիլիսի հայտնվելը ՄՅՈւ-ում կարող է ստացվել: Թիմին հիմա այնպիսի կիսապաշտպան է անհրաժեշտ, որը կարողանում է խաղալ թե աջ եւ թե ձախ գոտիներում, ի վիճակի է սրել խաղը, ինքը գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել: Հնարավոր է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» վերագտնի իրեն: Այո, ՄՅՈւ-ում Օզբիլիսի դիրքում կատարողներ կան, բայց շատերն ամռանը կարող են հեռանալ թիմից: Այս մասին շատ է խոսվել: Արասը հեշտ կհամակերպվի Անգլիային: Նա լավ տիրապետում է լեզվին, երկար ժամանակ ապրել է Եվրոպայում եւ գիտի Արեւմուտքի կյանքն ու աշխատաոճը: Բացի դա, «Մանչեսթեր Յունայթեդի» նման մեծ ակումբներում, կարծում եմ, խնդիրներ չի ունենա` բոլորն աշխատում են օգնել», – ասել է փորձագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը`uefa.com-ի