Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը բանկերում կասկածելի հիվանդներ է հայտնաբերել, որոշ ընկերություններում՝ կասկածելի հղիներ

Ապրիլ 15,2014 14:35

2013 թվականին մոտ 3 միլիարդ դրամ պետական բյուջեից նախատեսվածից ավելի է վճարվել հղիության, ծննդաբերության նպաստի եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար. սա Վերահսկիչ պալատի հերթական բացահայտումներից է: Պալատն օրերս հրապարակել է 2013 թվականի հաշվետվությունը, որտեղ ոլորտ առ ոլորտ ներկայացված են գերատեսչությունների թերացումները: «Առավոտն» արդեն մի քանի ոլորտներում ՎՊ-ի բացահայտումներին անդրադարձել է, այս անգամ ներկայացնում ենք սոցիալական ոլորտի չարաշահումները:
Սոցիալական ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է «կասկածելի» հղիների, որոնք որոշ ընկերություններում աշխատանքի են ընդունվել եւ պայմանագիր են կնքել հղիության նպաստ ստանալուց ընդամենը 1-2 ամիս առաջ:

Ընդ որում, այս ընկերությունները բավականին հնարամիտ են գտնվել հօգուտ հղիների պետությունից հնարավորինս ավելի գումար «պոկելու» համար:

Օրինակ՝ մինչ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ուղարկելը, այդ հղիների աշխատավարձերը բավականին բարձրացրել են, իսկ սա նշանակում է բարձր աշխատավարձ՝ բարձ նպաստ: Բացի աշխատավարձերի բարձրացումից՝ ընկերությունները նաեւ բավականին մեծ պարգեւատրումներ են նշանակել հղիներին:
Ըստ ՎՊ-ի՝ «Հղիության եւ ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձերը, հավելյալ վճարները եւ մասնավորապես պարգեւատրումները»:
Մոտ 2 միլիոն դրամ նախատեսվածից ավելի գումարը առաջին հայացքից պետք է որ չանհանգստացնի՝ կարծելով, որ մեր երկրում ծնելիությունն է բարձրացել, սակայն ՎՊ-ն հակառակն է արձանագրել. «2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1,391,795.2 հազար դրամ ավելի գումար, որը մասամբ պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններով»:

ՎՊ-ի կողմից կասկածի տակ առնված հղիներն ու իրենց ընկերությունները բավականին խոշոր եւ հայտնի ձեռնարկություններ են:

Այսպես, ըստ Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության՝ «Ղ-Տելեկոմ» (Վիվա Սելլ) ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն 400 հազար դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 մլն դրամի պարգեւատրում: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում՝ 2013թ. մարտին, նրան վճարվել է 9,8 մլն դրամ, իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջ՝ 2013թ. օգոստոսին, 15,8 մլն դրամ պարգեւատրում: «Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն 450 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: «Երեւանի կոնյակի գործարան» ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության եւ ծննդաբերության նպաստ՝ 9 մլն 918 հազ. դրամ: 2012թ. հոկտեմբերին նրան վճարված աշխատավարձը եւ հավելավճարը կտրուկ բարձրացել են՝ կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Ավելին՝ հղիության եւ ծննդաբերության նպաստ ստանալուց հետո վերջինս, գտնվելով հետծննդյան արձակուրդում, ապրիլին ստացել է 2 մլն 400 հազ. դրամ, մայիսին՝ 1 մլն 380 հազ. դրամ, հունիսին՝ 1 մլն 500 հազ. դրամ աշխատավարձ եւ հավելավճարներ»:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը եւս նմանատիպ խախտումներ է արձանագրել պետական եկամուտների կոմիտեում: Ըստ տեսչության՝ 2013 թվականին Պետեկամուտների կոմիտեն 584.7 միլիոն դրամ ավելի գումար է ներկայացրել սոցապ ծառայությանը՝ բյուլետենների եւ հղիների նպաստների համար, մինչդեռ այս միլիոնները ֆինանսական վերահսկողության տեսչության համար համարվել են կասկածելի եւ չհիմնավորված:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, ապա պալատն արձանագրել է, որ որոշ ընկերություններում 2011 թվականի համեմատ՝ 2013-ին հիվանդ աշխատակիցների թիվն աճել է, որոնք պետբյուջեից հիվանդության նպաստ են ստացել: Ըստ այդմ, միայն մոտ 809 միլիոն դրամ նախատեսվածից ավելի է վճարվել ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար: Կասկածելի հիվանդների թիվն ու ընկերությունները՝ ըստ ՎՊ-ի. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում» 2011թ.-ի համեմատ՝ 2013-ին վճարվել է 71.4 մլն դրամ ավելի գումար, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունում 2011թ.-ի համեմատ՝ 2013-ին վճարվել է 32.8 մլն դրամ ավելի գումար: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում նույն ժամանակաշրջանի համեմատ վճարվել է 238.3 մլն դրամ ավելի գումար, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում՝ կրկին նույն ժամանակահատածի համեմատ, վճարվել է 42.9 մլն դրամ ավելի գումար, Կենտրոնական բանկում վճարվել է 29 մլն դրամ ավելի գումար»: Հիվանդների աճ եւ հետեւաբար պետբյուջեից ավելի գումարների վճարումներ են հայտնաբերվել նաեւ «ՎՏԲ-Հայաստան», «Ակբա-կրեդիտ ագրիկոլ», «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Հայաստան», «Հայբիզնես» եւ «Ամերիա» բանկերում, ինչպես նաեւ «Հայինկասացիայում», ֆինանսների նախարարությունում, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակում», Հայաէրոնավիգացիայում, «Գրանդ մաստեր» ընկերությունում եւ «Թեղուտ» ընկերությունում: ՎՊ-ն այս հաշվետվության մեջ նշել է. «Ուսումնասիրության արդյունքներից հետեւում է, որ մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին բազմապատկել են ժամանակավոր անաշխատունակության գծով վճարված նպաստների ծավալները»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930