Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փոքր

Ապրիլ 15,2014 14:25

Խելացի մարդիկ խելացի բան են ասում. «Ավանդույթներ է պետք ձեւավորել, ոչ թե անընդհատ Սահմանադրություն փոխել»:

Ամերիկյան Սահմանադրությունում նախագահի վերընտրվելու սահմանափակում ի սկզբանե ընդհանրապես չի եղել. շարունակ վերընտրվիր ու վերընտրվիր՝ որքան սիրտդ կուզի…

Ու մոտ 50 նախագահներից որեւէ մեկը երկու ժամկետից ավելի չի պաշտոնավարել՝ բացի Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից, որը 1940 թվականին ընտրվեց երրորդ անգամ, իսկ 1944-ին՝ չորրորդ անգամ: Պատճառաբանությունն էր՝ համաշխարհային պատերազմների ընթացքում նախագահներ չեն փոխում… Հենց աշխարհամարտն ավարտվեց՝ 1947 թվականին, Սահմանադրության փոփոխություն ընդունվեց, ըստ որի՝ նախագահը երկու ժամկետից ավելի այլեւս չի կարող պաշտոնավարել: Երբե՛ք:

Իսկ մինչ այդ գայթակղություններ եղել են՝ Ուլիս Գրանտ, Թեոդոր Ռուզվելտ, Վուդրո Վիլսոն, բայց տարբեր պատճառներով երբեք չի ստացվել…

Ամերիկայի Սահմանադրության հայրերից մեկը՝ երկրի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, այդ գայթակղությունը կանխատեսել էր. «Եթե մենք սահմանադրորեն չամրագրենք սահմանափակումը կամ դա չանենք ավանդույթների միջոցով, քառամյա նախագահական ժամկետն իրականում կարող է վերածվել ցմահ պաշտոնավարման»:
Սահմանադրական կարգավորման համար Երկրորդ համաշխարհային պատերազմ պահանջվեց, իսկ ավանդույթներն ի սկզբանե ստեղծվեցին:

Ամերիկայի առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգտոնը, արդեն առաջին պաշտոնավարման ավարտին հիմնավորեց, թե ինչու չի ցանկանում եւս չորս տարի նախագահ մնալ, բայց իրադրությունն այն ժամանակ շատ խառն էր՝ համոզեցին, որ եթե չշարունակի նախագահել, նորաստեղծ երկիրը պարզապես կտրոհվի: Համոզողները հետո իրենք նախագահ դարձան՝ Ջոն Ադամսը եւ Ջեյմս Մեդիսոնը: Չհամոզեին՝ ավելի շուտ նախագահ կդառնային:
Բայց երբ ավարտվում էր երկրորդ ժամկետը՝ 1796 թվականին, Ջորջ Վաշինգտոնը հրապարակեց իր հանրահայտ Հրաժեշտի ուղերձը… Շատ հետաքրքիր փաստաթուղթ է, որովհետեւ հենց ինքը՝ Ջորջ Վաշինգտոնն էր շատ հետաքրքիր մարդ. տասնամյակներ շարունակ հսկայական ծառայություններ է մատուցել հայրենիքին, բայց պարբերաբար հեռանում էր քաղաքականությունից, հանգիստ վերադառնում իր կալվածքը…

Հսկայական ժողովրդականություն էր վայելում, բայց երբեք դա չէր օգտագործում, ասում էր. «Քաղաքական ուժերը կփորձեն խոչընդոտել օրենքների կատարմանը, կպնդեն, թե գործում են ի շահ ժողովրդի կամ կոնկրետ անհետաձգելի խնդիրներ են լուծում: Նրանց իրական նպատակն է՝ խլել ժողովրդի տված լիազորությունները եւ հանձնել դրանք անարդար մարդկանց: Անսկզբունքային մարդիկ հնարավորություն կունենան այդ լիազորությունները ծառայեցնել սեփական իշխանությունը պահելու նպատակին»:

«Երկրի իրական ղեկավարը ժողովուրդն է». հայտարարում էր Ջորջ Վաշինգտոնը, հորդորելով՝ «Հետեւեք եւ պահպանեք Սահմանադրությունը: Իսկ եթե այլ բան եք ցանկանում անել, համախմբվեք եւ փոխեք Սահմանադրությունը՝ մեծամասնությամբ»…
Հիմա մենք ուզում ենք փոխել մեր Սահմանադրությունը: Գիտե՞ք, ինչու ենք ուզում հերթական անգամ փոխել մեր Սահմանադրությունը: Որովհետեւ ավանդույթներ չենք ձեւավորել: Ամերիկայի առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգտոնը, պաշտոնավարեց երկու ժամկետ ու հեռացավ: 1798 թվականի ամռանը նրան առաջարկեցին բարձր պաշտոն բանակում՝ ֆրանսիացիների հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում գործողությունների ծրագիր մշակելու համար: Չուզելով համաձայնեց: Իսկ մեկ տարի անց՝ 1799-ին, նրա զինակիցներից մեկը՝ Քոնեքթիքուտի նահանգապետը, Ջորջ Վաշինգտոնին հորդորեց կրկին առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում: Վաշինգտոնի պատասխանն էր. «Ողջախոհությունս թույլ չի տալիս ընդունել ընկերներիս բարի, բայց սխալ հորդորը՝ բարձրագույն իշխանությունը կրկին ստանձնելու վերաբերյալ»: Ու պատճառաբանեց՝ տարիքս չի ներում:

Ինչ ծանոթ պատճառաբանություն: Մեզ մոտ էլ առաջին նախագահը ԳՐԵԹԵ նույնն արեց…

Ամերիկայի առաջին նախագահի պահվածքը վարակիչ դարձավ. հաջորդ նախագահները հետեւեցին նրա օրինակին, եւ երկար ժամանակ ոչ մի նախագահ չփորձեց պաշտոնավարել երկու ժամկետից ավելի:

Մեզ մոտ էլ առաջին նախագահի փորձը վարակիչ դարձավ, եւ երկրորդ նախագահը՝ աչքի առաջ ունենալով առաջինի փորձը, եւս չբացառեց իր վերադարձը՝ եթե հանրային պահանջ լինի: Քանզի որոշել ենք եւս մեկ անգամ փոխել մեր Սահմանադրությունը, եկեք միանգամից օրենսդրորեն ամրագրենք այդ «հանրային պահանջ» հասկացությունը, որ բոլորս իմանանք, թե ինչ ձեւով պետք է դիմենք նախկին նախագահներին՝ ստորագրահավաքո՞վ, Օպերային թատրոնի դիմաց ոչ պակաս, քան 35 հազար հոգով անունը վանկարկելո՞վ, կամ միգուցե հրապարակավ ծնկի՞ իջնելով…

Անցած շաբաթ առաջին անգամ ամենաբարձր մակարդակով կարծիք լսեցինք, որ մարդը կյանքում մի անգամ պիտի կառավարի իր երկիրը: Ուշ է արդեն՝ ավանդույթը ձեւավորվել է: Ճիշտ է, մեր ավանդույթն ամերիկյանից տարբերվում է: Բայց ախր մենք էլ ամերիկացիներից ենք տարբերվում: Մի փոքր…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930