Այսօր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում հարցաքննվեցին երկու ոստիկան:
Հիշեցնենք, որ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքերի հետ կապված ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու, կծելու համար:
Ոստիկան Արման Դանիելյանը պատմեց, որ դեպքի օրը ակտիվիստների կողմից տարաբնույթ վիրավորական արտահայտություններ է լսել, բայց ասաց՝ իրեն թույլ չի տա կրկնել դատարանում, ինչ վերաբերում է Արգիշտի Կիվիրյանին, ասաց՝ չի կարող ասել ինչ արտահայտություններ են հնչել կոնկրետ նրա կողմից:
Նա կոնկրետ ժամանակահատված չհիշեց, թե երբ է սկսվել ակցիան, բայց պատմեց, որ առավոտյան է նկատել, որ ակտիվիստները կամաց-կամաց շատացան. «Վաղարշյան հատվածը առավոտյան տասնմեկին փակվեց առաջին անգամ: Երբ փակվեց փողոցը, միացան նոր քաղաքացիներ, կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում»:
Կարդացեք նաև
Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին՝ նկարագրեք ակցիայի բնույթը, ակտիվիստներն ի՞նչ պահանջներ են ներկայացրել. «Պահանջում էին շենքի շինարարությունը դադարեցնել»:
Հետո ասաց, որ նույն օրը 16:00-ի սահմաններում նկատել է, որ քաղաքացիները շարժվել են Կոմիտաս -Գյուլբենկյան հատված, պառկել փողոցի բանուկ հատվածում, չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին. «Կենդանի շղթա էին կազմել, փողոցի բանուկ հատվածում»:
«Ինչո՞ւ բերման ենթարկվեց Կիվիրյանը»,- հետաքրքրվեց Լուսինե Սահակյանը: Ի պատասխան՝ հարցաքննվող ոստիկանն ասաց. «Աչքի էր ընկնում իր վարքագծով, որպես կազմակերպիչ, այդ պահին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հորդորներ էր անում, կոչ էր անում դուրս չգալ փողոցից, չբացեն փողոցը: Որ հեշտանա փողոցի բացումը, չլինի մի անձ, որը հրահրի նոր անկարգությունների, բերման ենթարկվեց»:
Նա չկարողացավ մտաբերել՝ ով է հրահանգել Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկել: Հետո հիշեց Կիվիրյանի գործողությունները բերման ենթարկվելու ճանապարհին. «Նա փորձում էր դուրս գալ ոստիկանների ձեռքերից, գրկած էին տանում, փորձում էր իջնել»:
Նա նաեւ չմտաբերեց, թե ոստիկան Վրթանեսյանը, ում նկատմամբ, ըստ մեղադրանքի, Կիվիրյանը բռնություն է կատարել, նստե՞ց ոստիկանական մեքենան եւ Կիվիրյանի հետ գնա՞ց, թե՞՝ ոչ:
Հետո ասաց, որ դեպքի մասին բացատրություն է տվել ՀՔԾ-ում եւ Արաբկիրի ոստիկանության բաժնում:
Հարցաքննվեց նաեւ ոստիկան Արարատ Հարությունյանը. պատմեց, որ այդ օրը Նոր Նորքի 2-րդ զանգվածում իր ծառայությունն էր անում, երբ կապով կանչել են Կոմիտաս 5 հասցե. «Քաղաքացիները փակել էին ճանապարհը, ոստիկանները փորձում էին փողոցից հանել, ոստիկանները հանում էին, քաղաքացիները նորից գալիս ու պառկում էին փողոցում: Կիվիրյանը ճանապարհը փակելու գործընթացին էր նպաստում, կազմակերպչական աշխատանքներ էր տանում, կոչ էր անում դուրս չգալ փողոցից»:
Նա հետաքրքիր մանրամասններ հիշեց Կիվիրյանի հետ կապված, մասնավորապես պատմեց, որ Կիվիրյանը պառկած էր գետնին, ձգված էր. «Փողոցում պառկած էր, բռնել էր մայթեզրի ձողը, հնարավոր է կանգառի նշանն էր, չէր հիշում, բռնել էր ու պոկ չէր գալիս, որ չկարողանանք բերման ենթարկել»:
Ըստ նրա, խառը վիճակ էր, հորդորել են ակտիվիստներին դուրս գալ, չեն լսել, ասում էին շինարարությունը պետք է կասեցվի, շինտեխնիկան դուրս գա, հետո դուրս կգան: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ կարգադրել է ոստիկաններին պատ կազմել եւ քաղաքացիներին դուրս բերել փողոցից. «Մեկին գրկած հանում էինք, երեսուն հոգի գալիս էին ոստիկանների թեւերից էին քաշում»:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 28-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ